Կալիֆոռնիայում «Հայկական ուժ» (Armenian Power) խմբավորման մեկ անդամ և նրա 3 համախոհները մեղավոր են ճանաչվել բանկային խաբեությունների մեջ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում են հանցագործների անունները՝ Արմեն Շարոպետրոսյան, Կարեն Մարկոսյան, Քրիստին Օհանջանյան, Արտուշ Մարգարյան: Մեղադրական վճիռները կայացվել են մարտի 16-21-ը:
Նրանց պատժաչափը կորոշվի օգոստոսի 6-ին: Հանցագործներին սպասվում է մինչև 30 տարվա ազատազրկում:
«Հայկական ուժ» խմբի անդամը, ըստ ամերիկյան իրավապահ մարմինների, Շարոպետրոսյանն է: Հետաքննության տվյալներով՝ նա ևս մեկ ամբաստանյալի՝ Անգուս Բրաունի հետ բանտից ղեկավարել է հանցագործների աշխատանքները:
Հանցագործները հավաքել են իրենց զոհերի անձնական տվյալները և տարբեր խարդախությունների ճանապարահոոով գողացել նրանց բանկային հաշիվներում պահվող գումարները: 6 տարում հանցագործ խմբի գործունեության հետևանքով մի քանի նահանգների բնակիչներ կրել են ավելի քան 10 մլն դոլարի վնաս:
«Հայկակն ուժ» խմբավորման դեմ ԱՄՆ իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ սկսեցին 2011 թ. փետրվարին. այդ ժամանակ ձերբակալվեց մի քանի տասնյակ մարդ: Ավազակախումբը ձևավորվել էր Լոս Անջելեսում 1980-ական թթ. ԽՍՀՄ-ից ներգաղթյալների կողմից:









































