Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` մարտի 23-ին, ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին:
ԿԳՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առկա և հնարավոր համագործակցության առաջնահերթությունները, մասնավորապես, նախադպրոցական, միջնակարգ և ներառական կրթության հետ կապված խնդիրները, որոնք վերջին տարիներին շարունակական բնույթ են կրում Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կազմվել է ներառական կրթության օժանդակության նոր ծրագիր, որի իրականացման նպատակով նախարարության, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի և հիմնադրամի ներկայացուցչների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար: Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած երեխաների խնդրին՝ նա ընդգծել է, որ հստակ քայլեր են կատարվում վերջիններիս հայտնաբերման և ուղղորդման մեխանիզմների ճշգրտման ուղղությամբ՝ գործընթացում ներգրավելով նաև միջազգային խորհրդատուի: Քննարկման ընթացքում տիկին Արենսին անդրադարձել է նաև աշակերտական խորհուրդների հզորացման խնդրին, որն իրականացվում է նոր աշակերտական պորտալի միջոցով, որին այսօր արդեն միացել է 30 աշակերտական խորհուրդ:
Նախարարը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին տեղեկացրել է, որ աշնանը Աժ քննարկմանն է ներկայացվելու «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, որը երեխաների իրավունքների և կրթական կարիքների սպասարկման տեսանկյունից շատ մեծ փոփոխություններ է նախատեսում: Աշակերտական խորհուրդների հզորացման հետ կապված Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլին առաջին անգամ նախատեսվում է կազմակերպել աշակերտական խորհուրդների հավաք և ձևավորել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում. առաջիկայում նախատեսվում է իրականացնել դպրոցների վարկանիշային մեթոդաբանություն, որը կարևոր գործիք կհանդիսանա դպրոցների գործունեության թափանցիկության համար, կառաջարկի կրթության որակի կազմակերպման օբյեկտիվ չափագրման գործիքներ և հասարակությանը կտրամադրի առավել ճշգրիտ տեղեկատվություն:









































