Արարատ Զուրաբյանին առաջարկվել էր ցուցակում զբաղեցնել Խաչատուր Քոքոբելյանի տեղը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը՝ խոսելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի և նախընտրական զարգացումների շուրջ:
Նա պարզաբանեց, որ Արարատ Զուրաբյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ամենամոտ ընկերն ու ամենամեծ ջատագովն է, ամենամեծ լումա ունեցողը:
«Նա ցուցակում չընդգրկվեց իր կամքով: Իրեն առաջարկվել էր գլխավորել «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը, բայց պարկեշտությունից ելնելով և չկարևորելով իր անձը՝ նա չհամաձայնեց»,- մեկնաբանեց բանախոսը:
Անդրադառնալով «Ժառանգության» հետ դաշինքին՝ նա ասաց, որ դաշինք կազմելու բանակցությունները սկսվել էին ավելի շուտ: Ըստ նրա՝ «Ժառանգություն»-ը միակ քաղաքական ուժն էր, որ գաղափարական առումով մոտ էր թվում «Ազատ դեմոկրատներ»-ին:
«Ծրագրային խնդիր էր, որ դաշինքները լինեն հստակ գաղափարական հենքի վրա. մեր շահերը համընկնում էին, հատկապես, երբ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը բարձրացրին 100% համամասնական ընտրակարգի հարցը: «ժառանգություն»-ն ապացուցել է իր ընդդիմադիր կեցվածքը՝ կանգնելով ժողովրդի կողքին. դա նույնպես հաշվի առնվեց:
Մենք մշակել ենք ընդհանուր հռչակագիր, որտեղ ուղենշված են մեր քաղաքական քայլերը։ Երկու կուսակցություններով աշխատելու ենք որպես մեկ թիմ՝ այդ հռչակագրի շրջանակներում»,- նշեց Ա. Առաքելյանը՝ հավելելով, որ վերջին ամիսների ընթացքում խմորումները հիմնական խաղացողների շուրջ էին՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»-«Ազատ Դեմոկրատներ»:
Անդրադառնալով միևնույն ընտրատարածքում մի քանի ընդդիմադիր թեկնածուների առաջադրմանը՝ նա ասաց, որ կպաշտպանեն բոլոր ընդդիմադիր թեկնածուներին, բայց, ըստ նրա, ՀԱԿ-ը գործում է իշխանության նման և երբևէ չի խորհրդակցում: «Ասում է՝ ես դնում եմ, դուք մտածեք՝ ինչ եք անում: Հնարավոր է՝ բանակցությունների արդյունքում կոնսենսուսի գանք: Շատ անցանկալի է, որ մի ընտրատարածքում երկու ընդդիմադիր թեկնածուներ լինեն»,- նկատեց Ա. Առաքելյանը:
Անդրադառնալով դաշինքի համամասնական ցուցակին՝ «Ազատ դեմոկրատներ»-ի վարչության անդամն ասաց, որ այն կազմվել է հավասարության սկզբունքով: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու «Ազատ դեմոկրատներ»-ը հայտնվեց ավելի շահեկան դիրքերում, Ա. Առաքելյանը պատասխանեց՝ յուրաքանչյուր կուսակցություն կազմել է իր սեփական ցուցակը, այնուհետև հավասար սկզբունքներով դրանք միացվել են:









































