Հաջորդ գումարման խորհրդարանն ավելի խայտաբղետ կարող է լինել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը` հույս հայտնելով, որ ընդդիմությունը շատ ավելի մեծ չափով ներկայացված կլինի:
Նրա խոսքով՝ ցուցակներից, հատկապես իշխանական կոալիցիան ներկայացնող, հավանաբար մեծ փոփոխություններ ակնկալելը դժվար է: Ա. Շահբազյանը նշեց, որ այլ խոստումներ եղան, որոնք կարող էին խորհրդարանն ավելի աշխատունակ դարձնել. կարող էին ամբողջությամբ խորհրդարանական աշխատանքով զբաղվող մարդիկ գալ:
Բանախոսի բնորոշմամբ` այն խորհրդարանը, որ ունեինք, իր գերակշիռ հատվածով տրամադրված չէր նման աշխատանք անելու, և սա ժողովրդի համար հետևություններ անելու լուրջ առիթ պետք է դառնա:
Խմբակցության քարտուղարի կարծիքով՝ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ:
«Շանսերը ռեալ գնահատում եմ շատ ավելի լավ, քան այսօր ունենք: Այս տարիների ընթացքում հանդես եկանք որպես կուսակցություն, որն իր դեմքը չփոխեց»,- ասաց Ա. Շահբազյանը` հավելելով, որ տարիներ շարունակ ՀՅԴ-ն եղավ կոալիցիայի մեջ, բայց իշխանության կողմից փոփոխությունների բացակայության պատճառով դուրս եկան կոալիցիայից:
«Մենք հեռու կլինենք բամբասանքից և կփորձենք ժողովրդին ներկայանալ մեր ծրագրերով»,- ասաց Ա. Շահբազյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն կհամագործակցի այն ուժերի հետ, որոնց հետ կիսում է գաղափարները: Նրա գնահատականով՝ տարբեր ծրագրերով խորհրդարան մտնող դաշինքները կփլվեն:
«Առաջին լրատվական»-ի հարցին` հնարավո՞ր է որևէ ուժի հետ նոր կոալիցիայի ստեղծում, Ա. Շահբազյանը պատասխանեց՝ ձեռնտու է իշխանության հետ կոալիցիա կազմել, բայց նախկին կոալիցիան հուշագրի շուրջ էր, և եթե ընդունեն իրենց սխալները` հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից, արտագաղթը դարձնեն հիմնահարց, մտածեն ժողովրդի մասին, ապա չի բացառվում:
«Բայց չեմ հավատում, որ այդպես կլինի: Այսօր մարդիկ չեն ասում, որ կփոխվեն: Ասում են` հավատանք, որ փոխվենք, բայց նույն ծրագրով նույն մարդկանցով ո՞նց կփոխվեն»,- ասաց Ա. Շահբազյանը:







































