ՌԴ ՆԳ նախարարության Վոլոգդայի մարզի վարչությունը իր կայքում հրապարակել է տղամարդու և կնոջ ֆոտոռոբոտները, որոնք կասկածվում են բանտից դատապարտյալին ուղղաթիռով փախչելում օգնելու մեջ:
Ոստիկանությունը, ինչպես նշում է RIA Novosti-ն, որոնում է դատապարտյալի եղբորը` 30-32-ամյա Ալեքսեյ Շեստակովին, որը ներկայանում է որպես Ալեքսանդր:
Տղամարդն ունի խարտյաշ մազեր, կրել է սև գլխարկ և մուգ հագուստ: Մյուս կասկածյալը ներկայացվում է որպես Տատյանա: Կինը եղել է մոտ 30-35 տարեկան, ունեցել է 165-170 սմ հասակ: Ունեցել է երկար սև մազեր, կրել է մուգ շալվար:
Հիշեցնենք, որ Վոլոգդայի թիվ 17 բանտից ուղղաթիռով աննախադեպ փախուստը տեղի է ունեցել երեկ` մարտի 22-ին: Բանտի տարածքում հայտնված ուղղաթիռն իջեցրել է սանդուղքը ու բարձրացրել դատապարտյալին, որը սպանության համար դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման:
Նախնական տվյալների համաձայն` ուղղաթիռի անձնակազմը ստիպված է եղել կատարել այդ թռիչքը սպառնալիքի տակ:
Լքված ուղղաթիռը հայտնաբերվել էր Վոլոգդայի Պոշեխոնսկի մայրուղու մոտ, օդաչուին կապկպել էին: Հենց վերջինս էլ խոստովանել է, որ իրեն սպառնացել էին թռչել բանտի ուղղությամբ:
Փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել էր երեկ ցերեկը:








































