Քաղաքական տարածության մեջ առաջին տեղում Ս. Սարգսյանն է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը`խոսելով քաղաքական դեմքերի, նրանց իմիջների շուրջ: Նա նշեց, որ սոցիալական կենտրոնում որոշում են քաղաքական տարածության մեջ ինչ դեմքեր կան, որքան են իրենք հեռու իդեալ նախագահից, իրարից և ինչու: «Առաջին տեղում Ս. Սարգսյանն է, հետո Գագիկ Ծառուկյանը, շատ մոտ է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես առաջին դեմք, վարչապետը, հետո Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը»,- նշեց Ա. Ադիբեկյանը:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին ` նա ասաց, որ այսօրվա տվյալների համաձայն ընտրություններին մասնակցելու է ընտրողների 60%-ը, որոնցից միայն 40%-ն ունի կայացրած որոշում, իսկ մնացածը որոշում չունի: Նրա դիտարկումներով` հետևաբար դեռ վաղ է ասել, թե այդ մնացած մասը կիրակի օրն ինչ որոշում կկայացնի: «Այդ պատճառով պետք է հարցումները շարունակել, տեսնել տենդենցը դեպի բարձրացում է գնում, թե դեպի ցածրացում, նոր արդեն իքս օրվա համար կանխատեսում անել: 40%-ի մոտ առաջին տեղում ՀՀԿ-ն է, հետո ԲՀԿ-ն, երկու անգամ նվազ տեղում է ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»,- մանրամասնեց ներկայիս հասարակական նախընտրությունները Ա. Ադիբեկյանը:
Նա նաև խոսեց այսօր լրատվամիջոցներում հայտնված ՀԵԲ կազմակերպության իրականացրած հարցումների մասին, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ ԱԺ ընտրություններում կհաղթի ԲՀԿ-ն, իսկ նախագահականում` Սերժ Սարգսյանը: Ըստ Ադիբկյանի՝ դրանք ոչ մակարդակով արված հարցումներ են, որովհետև նախ պետք է որոշել, թե հասարակության քանի տոկոսն է պատրաստ մասնակցելու ընտրություններին և մասնակցողների քանի տոկոսը ունի կայացրած որոշում: Ըստ սոցիոլոգի`շատ մանրուքների պետք է ուշադրություն դարձնել նման տվյալներ հրապարակելիս:









































