«Իջևանի Ազատամուտ գյուղի 32-ամյա բնակիչ Բագրատ Նազինյանը 2000 թվականին` ժամկետային զինվորական ծառայության ժամանակ, հայրենիքի հեռավոր սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է, դարձել երկրորդ կարգի հաշմանդամ: Նա դեպքի հետևանքով ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, որոնց բուժման համար մեկնում է Դոնի Ռոստով, այնտեղ բուժում ստանում»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Բագրատ Նազինյանը բուժման նպատակով 2009 թվականի հունվարից մինչև 2010թ. դեկտեմբեր ամիսը գտնվել է Ռոստովում, կան բուժհաստատությունից տրված համապատասխան փաստաթղթերը: Այդ ընթացքում և դրանից հետո մի քանի ամիս ևս նրա փոխարեն ստորագրել և թոշակի գումարները ստացել է Իջևանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի պետ Հրանուշ Ներկարարյանը:
Վերջինս յուրացրել է Բագրատ Նազինյանի, ընդհանուր առմամբ, 27 ամիսների թոշակը` 1 միլիոն 388 հազար 800 դրամ: Այս առթիվ 2011թ. մայիսի 2-ին, ՀՀ ոստիկանության Իջևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հայտարարություն է տրվել, որ Հրանուշ Ներկարարյանի գործողություններից տուժած անձինք կարող են դիմել նախաքննություն իրականացնող մարմին:
Մայիսի 17-ին Իջևանի ռազմական ոստիկանությունում քննիչ Արթուր Մովսիսյանը ընդունել է Բագրատ Նազինյանին և նրա հորը` Լորիկին:
– Քննիչի մոտ լինելով` ես տեսա, որ քրեական գործը սուտ է, հունիսի 1-ին դիմեցի պաշտպանության նախարարին,-թերթին ասել է Ազատամուտի 73-ամյա բնակիչ Լորիկ Նազինյանը:
Նրա նամակը նախարարությունից ուղարկվել է ՊՆ 6-րդ բաժին, այնտեղից էլ` Իջևանի ռազմական ոստիկանություն»: