Սիրիայում շարունակվում են բախումները կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Այսօր երկրի տարբեր շրջաններում զոհվել է առնվազն 26 մարդ, այդ թվում` 10 երեխա և կին, ովքեր փորձել են հեռանալ Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է Свобода ռադիոկայանը, ակտիվիստների տեղեկատվության համաձայն՝ Սերմին քաղաքի մերձակայքում փախստականներով լի ավտոբուսն անհայտ անձանց կողմից ենթարկվել է կրակոցների:
Կառավարական զորքերը հարձակվել են մի քանի քաղաքների վրա: Ընդդիմության զինված ջոկատները հարձակվել են զինվորական հենակետերի վրա: Լաթաքիայում ապստամբների կողմից սպանվել են 5, Սաիդայում՝ 3 զինվորներ:
Բացի այդ, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը, փողոցային կռիվները վերսկսվել են Համայում:
Հոմսում գտնվել են 39 քաղաքացիների դիակներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ նրանք բոլորը սպանվել են քաղաք ներխուժած զինված գրոհայինների ձեռքով: Իշխանությունները կատարում են հետաքննություն:








































