Իսկապես դարի փախուստն է տեղի ունեցել Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանում: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը:
Բանտարկյալը փախել է այսօր առավոտյան Վոլգոգրադի խիստ ռեժիմի բանտից, որտեղ կրում էր սպանության համար նախատեսված պատժաչափը: Այս մասին գործակալությանը հայտնել է շրջանի դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներից մեկը: Նրա խոսքով` ներկայումս աշխատանքներ են ընթանում փախուստի կազմակերպիչներին գտնելու ուղղությամբ:
Իր հերթին, շրջանային հետաքննության մարմնի կոմիտեից RIA Novosti-ին հայտնել են, որ դեպքը պատահել է առավոտյան ժ. 9.00-ի սահմաններում:
«Ժամանած ուղղաթիռն իջեցրել է սանդուղքը ու բարձրացրել դատապարտյալ տղամարդուն, որը սպանության համար դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման: Ներկայում նա իր պատժի կեսն է նստել: Ուղղաթիռը հայտնաբերվել է Վոլգոգրադի սահմաններում»,- նշել է զրուցակիցը:
Նախնական տվյալների համաձայն` ուղղաթիռի անձնակազմը ստիպված է եղել կատարել այդ թռիչքը սպառնալիքի տակ: Ներկայումս ուղղաթիռի անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ:
Դեպքի վայրում աշխատում է երկու հետաքննող մարմին` մեկը բանտում, մյուսը` ուղղաթիռի հայտնաբերման վայրում:
Նախնական ենթադրությունների համաձայն` ուղղաթիռը պատկանում է տեղական ընկերություններից մեկին:










































