Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների փոխնախագահները:
«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց. «Այս միասնական թիմը սկզբունքորեն պայքարելու է հանուն ազատ, արդար ընտրությունների։ Շնորհավորում եմ մեծամասնական թեկնածուներին: Հույս ունեմ, որ ազատ, արդար ընտրությունների արդյունքում հաջողություն կունենանք:
Անբնական կլիներ, եթե չլինեին դժգոհություններ. կային շատ ուժեր, որոնք չէին ցանկանում այդ միասնությունը: Առաջիկայում մեր քաղաքական դաշտը կտեսնի, որ իսկապես քաղաքական քարտեզում հայտնվել է նոր միավորված ուժ, որը հստակ գաղափարաքաղաքական հենքի վրա պայքարելու է քաղաքական դաշտի առողջացման համար»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը անդրադառնալով նախկին ցուցակի հետ կապված դժգոհություններին՝ ասաց. «Երբ կա հստակ քաղաքական կուրս, և այն բերելու է երկրի բարօրության, իմաստ չունի քննարկել տեղերի հերթականությունը»:











































