«Անձամբ ես ինքնաքննադատություն արել եմ, և կառավարությունը, հատկապես վերջին շրջանում, որդեգրել է մի քաղաքականություն, որ մշտապես իր բացթողումները, իր թերությունները առաջինը հենց կառավարության անդամներն են բարձրաձայնում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Անդրադառնալով այսօր կառավարության նիստում ընդունված որոշմանը, թե նախկինում վճարված կրկնակի կենսաթոշակները ապրիլի 1-ից հետո չեն գանձվի՝ մինչև արդարադատության նախարարությունը մեխանիզմներ մշակի, Ա. Գրիգորյանը նշեց, որ խնդիրը հիմնականում վերաբերում է 1990-1995 թթ.-ներին, և այդ ժամանակ ավելի վճարված գումարները պետք է օրենքով ետ գանձվեն: Դրանք մոտ 76 մլն դրամ են, և կեսն արդեն վերադարձվել է: Նախարարը հիշեցրեց, որ քաղաքացին 2 տեղից էր ստացել կենսաթոշակ, տեղեկատվական բազաները ճշտելուց հետո վճարումները դադարեցվել են:
«Խնդիրն այն է, թե ում մեղքով է նշանակվել՝ քաղաքացո՞ւ, թե՞ պաշտոնյայի»,- ասաց նախարարը:







































