Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը (Ռուսաստան), Հիլարի Քլինթոնը (ԱՄՆ, պետքարտուղար) և Ալեն Ժյուպեն (Ֆրանսիա) ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում հակամարտող կողմերին կոչ են արել անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը հասնելու համար.
«Ինչպես նախագահներ Մեդվեդևը, Օբաման ու Սարկոզին հաստատել են 2011 թվականի մայիսի 24-ի իրենց դովիլյան հայտարարությունում, միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության ու հաշտեցման և հակամարտության կարգավորման համար ուժի գործադրման ցանկացած փորձ բավական երկար ժամանակ անորոշությունից ու անվստահությունից տուժող տարածաշրջանում կհանգեցնի անկայունության առաջացման»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականի մարտի 24-ին:









































