Այսօր կառավարության նիստը սկսվեց տոնական տրամադրությամբ. վարչապետ Տիգրան Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեց կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանին և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին` նշելով, որ լրանում է նախարարի 60-ամյակը:
Տ. Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին փոխանցեց իր` Արմավիրի մարզ կատարած այցելության ժամանակ գյուղացիներից ստացած դժգոհությունները՝ մասնավորապես այն, որ ներմուծված դեղորայքը չի օգնում բույսերի հիվանդությունների դեմ: Վարչապետը հետաքրքրվեց՝ պատվաստանյութերի վերահսկողություն իրականացվո՞ւմ է արդյոք:
Ի պատասխան՝ Ս. Կարապետյանը հայտնեց, որ ՀՀ-ում համապատասխան լաբորատորիա չկա, և ստուգելու համար դրանք պետք է ուղարկեն եվրոպական երկրներ, իսկ դա թանկ հաճույք է: Նախարարը տեղեկացրեց, որ պատվաստանյութերը ձեռք են բերում լիցենզիա ունեցող եվրոպական ընկերություններից, որոնք երաշխավորում են իրենց արտադրանքի որակը:
«Իսկ գյուղացիների ասածն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք էլ պատվաստել ենք, և մասսայական համաճարակ չի եղել»,- նշեց Ս. Կարապետյանը:









































