Վրացական «Ալիա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության պատգամավոր Թինա Խիդաշելին հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չպետք է ներում ստանա իր կատարած հանցանքների համար.
«Բոլորը պետք է հասկանան, որ Սաակաշվիլին խելագար չէ: Նա խելագար է ձևանում, քանի որ խելագարների վրա չեն բարկանում, նրանց շատ բաներ ներում են: Սաակաշվիլին հանցագործ է: Մենք չպետք է մոռանանք, թե վերջին 8 տարիներին ինչ է կատարվում Վրաստանում:
Սաակաշվիլին անձնական պատասխանատվություն է կրում մարդասպաններին հովանավորելու համար: Նա հետաքննել չտվեց նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանությունը: Նրա հանցանգործությունների ցանկը շատ երկար է: Նա 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հեղինակներից մեկն է: Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. նրան անվանենք խելագար և ներենք ամեն ինչ:
Սաակաշվիլին կորցնում է Արևմուտքի աջակցությունը, ինչի համար էլ ընկել է հիստերիայի մեջ: Այդ աջակցության կորստյան պատճառով Վրաստանի իշխանությունները հայտնվել են շատ ծանր վիճակում: Ես դա հստակ գիտեմ: Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիան լրջորեն աշխատում է Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների հետ»:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը ներառված է Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կոալիցիայի կազմում, որը մտադիր է հաղթել աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում:








































