TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործադիր քարտուղար Հուսեին Չելիքը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան դեռևս որոշում չի ընդունել Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու մասին և հետ չի կանչել այդ երկրից իր դիվանագիտական առաքելությունը.
«Սիրիայում գազանություն է կատարվում: Հոմսի իրադարձությունները համարժեք են Բոսնիայում ու Հերցեգովինայում տեղի ունեցած դեպքերին: Ասադը տակտիկական հայտարարություններ է անում ժամանակ շահելու համար: Կարծում եմ, որ Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» կոնֆերանսի ժամանակ կգրանցվի առաջընթաց»:
Չելիքը հավելել է, որ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հասել է ավելի քան 18,000-ի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ մարտի 22-ին փակելու է Դամասկոսում իր դեսպանատունը, իսկ Սիրիայում Թուրքիայի շահերը ներկայացնելու է Հալեպի հյուպատոսարանը:











































