Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը Աշգաբադում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ թուրքմենական գազը Եվրոպա արտահանելու ամենալավ միջոցը գազատարը Կասպից ծովի հատակով տանելն է:
«Ինչ վերաբերում է բնական գազը Թուրքմենստանից եվրոպական շուկա հասցնելու ձևերին, ապա գոյություն ունի մի քանի տարբերակ: Առևտրական, ֆինանսական և ինֆրակառուցվածքային տեսանկյունից ամենագրավիչը գազատարը Կասպից ծովի հատակով տանելն է»,- ասել է նա:
2010 թ. նոյեմբերի 18-ին Բաքվում մերձկասպյան պետությունների գագաթաժողովի ժամանակ Թուրքմենստանը հրապարակել է իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ գազատարի անցկացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ պետությունները համաձայնություն տան ծովի հատակի իրենց մասով այն անցկացնելու համար` պահպանելով միջազգային էկոլոգիական բարձր ստանդարտներն ու նորմերը:
Թուրքմենստանի ղեկավարը նաև հնարավոր է համարել բնական գազի տեղափոխումը Կասպից ծովով հեղուկ վիճակում:
«Դրա համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ ենթակառուցվածք և ունենալ տանկերային նավատորմ: Կարծում եմ, որ թուրքմենական գազի այս և այլ տիպի փոխադրումները Եվրոպա կարող են դառնալ Թուրքմենստանի և եվրոպական շահագրգիռ պետությունների կառավարությունների և ընկերությունների քննարկման առարկա»,- ընդգծել է նա: