Հարավային Կովկասում հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի և երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հիման վրա: АПА-ն գրում է, որ այս մասին մարտի 21-ին Թբիլիսիում տեղի ունեցող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի Wilton Park գործակալության միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն:
«Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով համաժողովը, որը փակ է ԶԼՄ-ների համար, տեղի է ունենում թբիլիսյան Holiday Inn հյուրանոցում՝ մարտի 20-22–ը՝ Մեծ Բրիտանիայի և Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների աջակցությամբ:
Վրաց նախարարի խոսքերով՝ «համաժողովի ընթացքում քննարկվում են ուղիներ և միջոցներ, որոնց օգնությամբ կարելի կլինի լուծել Հարավային Կովկասում կոնֆլիկտային իրավիճակները և ամրապնդել անվտանգությունը»:
Վաշաձեն հայտարարել է, որ «Հարավային Կովկասում կան կոնֆլիկտներ. Վրաստանին պատկանող տարածքների 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից»:
Սա արդեն Wilton Park գործակալության երկրորդ համաժողովն է Վրաստանում, որի ընթացքում քննարկվում են տարածաշրջանային անվտանգության հարցերը, էներգետիկ և տնտեսական թեմաները, տարածաշրջանային ժողովրդավարական գործընթացները:
Նախատեսված է, որ համաժողովին ելույթ կունենան Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Գուֆը, այլ երկրներից բարձրաստիճան դեմքեր և դիվանագետներ:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի ոչ կոմերցիոն գործակալություն Wilton Park-ը զբաղվում է բարձր մակարդակի համաժողովներ կազմակերպելով և նպաստում է կարևոր հարցերի քննարկմանը՝ նախարարների, պատգամավորների, գործարարների, փորձագետների և գիտնականների միջև:











































