Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակված 30-ամյա Արտակ Նազարյանի մահվան գործով նիստից հետո լիովին ակնհայտ է դարձել, որ նախաքննական մարմինը կատարել է հանցավոր քննություն, ինչի հիման վրա տուժող կողմը կրկին բացարկ է հայտնել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին:
Դատարանում երեկ շարունակվել է գործով վկա, կրտսեր սերժանտ Արտակ Հովհաննիսյանի հարցաքննությունը, ով եղել է հենակետի ավագի` Արտակ Նազարյանի տեղակալը: Նա մասամբ հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից, մասնավորապես այն դրվագներից, որտեղ խոսվում է զինվորների կողմից Արտակ Նազարյանին ծեծի ենթարկելու մասին: Այնուհետ տուժող կողմի ներկայացուցիչը հարցեր է ուղղել վկային գործում առկա մի խումբ արձանագրությունների հետ կապված: «Փիլիպոսյան ազգանունով քննիչը մասնակից է դարձրել վկա Արտակ Հովհաննիսյանին մի խումբ քննչական գործողությունների, իբրև թե Արտակը որպես ընթերակա մասնակցել է Արտակ Նազարյանի հագուստները քննիչներին հանձնելու գործընթացին»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը և ընդգծեց, որ վկան երեկ դատարանում հայտարարել է, որ ինքը ոչ մի քննչական գործողության չի մասնակցել, հագուստ չի տվել քննիչին և ընդհանրապես Փիլիպոսյան ազգանունով քննիչ չի ճանաչում: «Ոչ թե մոռացել է, այլ չի ճանաչում և իր մոտ չի եղել ու ինքը չի հանձնել ոչ մի բջջային»,- ընդգծեց տուժողի ներկայացուցիչը:
Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով արդեն ակնհայտ է, որ նախաքննության ժամանակ կազմված շուրջ 6 արձանագրություն կեղծ են եղել, ինչը երեկ միանշանակորեն պարզվել է դատարանում: «Կազմվել են կեղծ արձանագրություններ, որոնց համար պատիժ է նախատեսված քրեական օրենսգրքի պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Քննիչ Փիլիպոսյանն ու քննիչ Մադաթյանն են կեղծ ցուցմունքներ կուտակել»,- նշեց ներկայացուցիչը:
Արտակ Հովհաննիսյանից հետո երեկ դատարանում գործով ցուցմունք է տվել վկա Ռաֆայել Լևոնյանը, որը դեպքի ժամանակ եղել է հարակից դիրքի ավագը: Վկան դատարանում պատմել է, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Արտակ Նազարյանը եկել է դեպքի վայր հաց տանելու համար: Դեպքից առաջ ինքը մի քանի անգամ հանդիպել է Արտակ Նազարյանին և ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին, զրուցել է նրանց հետ և այդքանը: Մինչդեռ քրեական գործով առկա է լրիվ այլ ցուցմունք: Ռաֆայել Լևոնյանի նախաքննական ցուցմունքում նշվում է, որ վկան տեղյակ է Արտակ Նազարյանի և Հակոբ Մանուկյանի միջև տեղի ունեցած կռվի մասին, տեղյակ է, որ Մանուկյանը վկային ծեծել է, ճնշել և այլն: Ինքը նույնիսկ դիտողություն է արել Մանուկյանին` Արտակ Նազարյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Դատարանի դահլիճում ամբաստանյալների պաշտպանները երեկ հայտարարել են, որ վկայի պատմածն ամբողջությամբ չի համապատասխանում իր նախաքննական ցուցմունքին, այնպես որ ընդունում են դատարանում պատմածը և նախաքննական ցուցմունքը չհրապարակելով այն չեղյալ են համարում: Սակայն Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեսնելով, որ զարմանալիորեն այս վկան ծեծված չի, պահանջել է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը. «Մեր ունեցած հավաստի տվյալներով՝ նախաքննական մարմինը բոլոր կենտրոնական վկաներին ծեծել է և ծեծի միջոցով կորզել է կեղծ ցուցմունքներ, իսկ տվյալ դեպքում ես տեսա, որ այս վկան «արհամարհվել» է նախաքննական մարմնի կողմից, ծեծի չի ենթարկվել, միջնորդեցի հրապարակել իր նախաքննական ցուցմունքները, որ տեսնենք, թե այս տղան ինչո՞ւ է այլ բան պատմում»,- նշեց նա: Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո տղան հայտարարել է, որ ինքը ոչ մի նման բան չի ասել, ցուցմունքում եղածն իրականությանը չի համապատասխանում:
Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը վկայի այս խոսքերից հետո հայտարարել է, որ այդ տղան նախկինում դատված է եղել և հիմա «գողական է գնում» և դրա համար էլ հրաժարվում է իր ցուցմունքներից, ինչի հետ կապված տուժող կողմի ներկայացուցիչները մեծ աղմուկ են բարձրացրել դատարանում: «Ես խոստացա դատախազին, որ ինքն էլ շատ շուտով կդառնա ամբաստանյալ ու «գողական կգնա», դատավորը կշտամբեց մեղադրող դատախազին նման հայտարարության համար»,- պատմեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Վկան նաև պատմել է, որ իր իմացածով Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, իսկ իրեն այդ մասին հայտնել է քննիչը. «Պատմեց, որ քննիչը ցույց է տվել Արտակ Նազարյանի դիակի լուսանկարները դեպքի վայրից և բացատրել է նրան, թե ինչ դիրքերում ինչպես է տեղի ունեցել ինքնասպանությունը ու համոզել է, որ Արտակն ինքնասպան է եղել: Սակայն դատարանում նա մի քանի անգամ պնդեց, որ ցուցմունքում դրված են ոչ թե իր ասածները, այլ լրիվ այլ պատմություն, որի մասին ինքը տեղյակ չէ»,- «Առաջին լրատվական»-ին հայտնեց Ռուբեն Մարտիրոսյանը: Վկան նաև պատմել է, որ նախաքննական մարմնում իր հարցաքննությունը հետևյալ ընթացքն է ունեցել. քննիչը հանձնարարել է պատմել իր իմացածը, սակայն դրանից հետո գրել է լիովին այլ ցուցմունք, դրանից հետո էլ առաջարկել է վկային սեփական ձեռագրով գրել, որ ցուցմունքը գրված է իր պատմածով, կարդացել է, համապատասխանում է իրականությանը ու ստորագրել ներքևում, հետո էլ, թե կարիք չկա կարդալ:
Դատարանում հաջորդ նիստին էլ շարունակվելու է վկաների հարցաքննության փուլը, իսկ տուժող կողմի ներկայացուցչի խոսքով, սպասվում են դեռ նոր սենսացիոն հայտարարություններ ու փաստեր:
Նշենք, որ դատարանում մինչ օրս հարցաքննվել է այդ մարտական դիրքում ծառայող ականատես 3 վկա, ևս 6-ը դեռ պետք է հարցաքննվեն, չնայած Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով՝ նախաքննական մարմինը մեծ դժվարությամբ է վկաներին հսկողության տակ պահում և ստիպում դատարանում կեղծ ցուցմունքներ տալ:
Նշենք, որ նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը, չնայած այս գործով շաբաթական երեք դատական նիստ անցկացնելու որոշմանը, մինչ օրս այն չի իրագործել:
Հաջորդ` մարտ 27-ի նիստում դատավորը որոշում կկայացնի տուժող կողմի միջնորդության վերաբերյալ. «Նախաքննության ընթացքում Հարություն Հարությունյանն է հսկել նշված քրեական գործը և դատելով դրանից կարող ենք ասել, որ նա կամ պաշտոնական անգործություն է դրսևորել` թույլ տալով, որպեսզի քննիչները կեղծեն գործը, կամ որ ավելի հավանական է` քննիչները հանցագործություն են կատարել հենց դատախազի ցուցումով»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցչի կարծիքով ներկա ամբաստանյալներն ընդհանրապես կապ չունեն այս ամենի հետ. «Բռնությամբ ձեռք բերված կեղծ ցուցմունքների հիման վրա անմեղ զինվորներին բերել նստեցրել են և շուտով կլրանա 2 տարին, ինչ նրանք ոչ մի հանցանք չգործելով պատիժ են կրում չգիտես ում որոշումով և ինչի համար: Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք և պատրաստվում ենք մոտակա ժամանակ միջնորդել դատարանին այդ զինվորներին ազատ արձակելու կամ առնվազն նրանց խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Մենք չենք տեսնում նրանց կալանքի տակ պահելու իմաստը: Տուժող կողմը համառորեն շարունակելու է պաշտպանել անմեղ զինվորներին: Սպանվել է Արտակ Նազարյանը, մենք չենք ուզում, որ այլ զինվորներ անբարոյական կերպով պահվեն բերդում, դա պատիվ չի բերում մեր երկրին, անմեղ զինվորները չպետք է բանտում լինեն միայն այն պատճառով, որ հանցավոր քննություն է կատարվել»:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պաշտոնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, իսկ ըստ Նազարյանի հարազատների՝ լեյտենանտին սպանել են, և ինչ-ինչ պատճառներով դա թաքցվում է:










































