News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային-դեմոկրատական ինստիտուտը (NDI) մի շարք կարևոր խնդիրների շուրջ հարցախույզ է անցկացրել Վրաստանում:
Այն անցկացվել է փետրվարի 22-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 3161 մարդ: Հարցախույզի մասնակիցների 70 տոկոսն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարին:
33 տոկոսը դեմ է արտահայտվել մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջարկած այն տարբերակին, թե Վրաստանը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերադարձման դիմաց: 26 տոկոսի համար դա ընդունելի է եղել, իսկ 40 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել տվյալ հարցում:
Հարցախույզի մասնակիցների 2 տոկոսը համոզված է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումը տեղի կունենա այս տարի, 9 տոկոսի կարծիքով՝ հաջորդ տարի, իսկ 23 տոկոսի կարծիքով՝ 2014 թվականին և ավելի ուշ: 59 տոկոսը հրաժարվել է կանխատեսումներ անել այդ հարցում, իսկ 7 տոկոսն էլ կարծում է, որ Վրաստանը երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին:
ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանն աջակցել է հարցվածների 74 տոկոսը, իսկ 88 տոկոսն իրենց դժգոհությունն են հայտնել ռուս-վրացական հարաբերություններում առկա իրավիճակից: 49 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանն իրական սպառնալիք է ներկայացնում Վրաստանի համար, ևս 30 տոկոսը կարծում են, որ Ռուսաստանն իրենից ներկայացնում է սպառնալիք, սակայն այն ուռճացված է:
Սուխումում և Ցխինվալում Ռուսաստանի դեսպանատների վերացման դեպքում Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ Վրաստանի նախագահի նախաձեռնությանն աջակցում է 66 տոկոսը:









































