Արամ Կարապետյանը նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ինքը՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Նա նշեց, որ ինքը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, բայց միևնույն է՝ չի հասկանում, թե ինչպես է որոշվում՝ Արամ Կարապետյանը երբվանից է սկսել բնակվել Հայաստանում:
«Թվաբանությամբ ամեն ինչ ճիշտ է՝ Հայաստանում իմ լինելու օրերը բավարար են: Ես այդ օրենքները շատ լավ գիտեմ: Եթե նման խնդիր ևս մեկ անգամ ծագի, մենք կպատմենք, թե ինչ է եղել»,- ասաց Արամ Կարապետյանը`հավելելով, որ նախագահ լինելու դեպքում կստեղծի մասնագետների կառավարություն, կհրաժարվի կոալիցիոն ձևից և այլ ուժերի կստիպի մտնել գաղափարական և ծրագրային դաշտ:
Ըստ նրա` նախագահ դառնալու դեպքում իրենց աշխատանքներում կընդգրկեին այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես ծրագրեր կունենային: Նա նաև տեղեկացրեց, որ արդյունաբերության նախարարություն կստեղծեր, խորհրդարանին կառաջարկեր ազգայնացման մասին օրենք ընդունել:
Արամ Կարապետյանը անդրադառնալով կուսակցությունների կարգախոսին՝ ասաց, որ ընդհանրապես լավ կլինի, որպեսզի ներկայացվեն նաև դրանք կյանքի կոչելու մեխանիզմները։ Օրինակ՝ ՀՀԿ կարգախոսը՝ «Հավատանք, որ փոխենք». լավ կլինի նաև ներկայացվի, թե ինչպես պետք է դա իրականանա։
«Ասելով չէ միայն: Մենք ունենք մեր ծրագիրը։ Ես Ս. Սարգսյանի փոխարեն կմտցնեի օրենք, որով կահմանափակեի պատգամավորների և խորհրդարանի ընտրության ժամկետները։ Օրենսդրորեն պետք է նպաստել սերնդափոխությանը»:
Ըստ բանախոսի՝ մայիսի 7-8-ը Հայաստանում Նոր տարի է լինելու՝ մարդկանց ձեռքը գումար է ընկնելու։
«Իսկ ծրագրային պայքար, որպես այդպիսին, չի լինի, որովհետև կուսակցությունները հասկացել են, որ խորհրդարանում հայտնվելու ճանապարհը դա չէ»,- ամփոփեց Ա. Կարապետյանը:











































