TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես է եկել Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայության վերաբերյալ ծավալուն հայտարարությամբ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաբուլում ուղղաթիռի կործանման պատճառով զոհվել էր 12 թուրք զինծառայող:
Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Աֆղանստանում գտնվում են 646 թուրք զինծառայողներ. «Քաբուլի տարածաշրջանային հրամանատարության պատասխանատվությունը պատկանում է Թուրքիային: Թուրքական զինվորական կոնտինգենտն Աֆղանստանում իրականացնում է տեղի բանակի ուսուցման, աֆղան ժողովրդի կայունության ու անվտանգության պահպանման առաքելություն:
Աֆղանստանում թուրք զինծառայողներին չեն տրվում նրանց պատասխանատվության գոտուց դուրս գտնվող առաջադրանքներ: Թուրք զինվորականները հիմնականում զբաղված են տարածքների ականազերծմամբ, ահաբեկչության ու թմրավաճառության դեմ պայքարով»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ եթե անգամ ՆԱՏՕ-ն դուրս գա Աֆղանստանից, ապա Թուրքիան չի վարվի նույն կերպ:










































