Լեհաստանի կառավարությունը երեքշաբթի հաստատել է 2012-2015 թթ. զարգացող երկրներին աջակցության ծրագիրը, որում մեծ ուշադրություն կդարձվի նախկին ԽՍՀՄ երկրներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Լեհաստանի կառավարության տեղեկատվական ծառայությանը:
«Համագործակցության բազմամյա ծրագիր՝ զարգացման նպատակով» փաստաթուղթը նախատեսում է ֆինանսավորել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները զարգացող երկրներում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցների մեծ մասը կուղղվի ԵՄ Արևելյան համագործակցության երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, ինչպես նաև Տաջիկստան և Ղրղըզստան:
Ծրագրի շրջանակներում օգնության մի մասը կուղարկվի Աֆրիկայի և Ասիայի երկրներ՝ Բուրունդի, Եթովպիա, Քենիա, Ռուանդա, Սոմալի, Հարավային Սուդան, Տանզանիա, Ուգանդա, Աֆղանստան, Պաղեստին, Թունիս, Լիբանան:






































