«Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջին շրջանում ավելացել է Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայությունից հեռացողների թիվը»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Ոստիկանությունից դուրս եկողներն ավելի մեծ թիվ են կազմում Կենտրոնի պահակապարեկային բաժնում, քանի որ այստեղ աշխատանքի լարվածությունն ավելի մեծ է: Ոստիկանության համակարգը լքողների թվում ամենից շատ մարզերի բնակիչներն են, որոնք իրենց աշխատավարձից մայրաքաղաքում բնակարանային վարձ են մուծում: Համակարգից հեռանալու հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է:
Գրեթե ռազմական ռեժիմով աշխատող, ամեն օր փողոցներում տարբեր փորձությունների դիմագրավող ոստիկանների աշխատավարձը, հավելավճարներով հանդերձ, շուրջ 130 հազար դրամ է, կրտսեր սպաների դեպքում` 140 հազար դրամ:
Սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող ոստիկաններին «չի հրապուրում» նաև այն, որ մայիսի 6-ից հետո իրենց հրաման կարող է տրվել ցրել հետընտրական ցույցերի մասնակիցներին»: