ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել ՌԴ նախագահի երդման արարողությունից հետո: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքերով` համաձայնությունը կայացվել է հեռախոսային զրույցի ժամանակ. «Օբաման զանգահարել է Պուտինին և նրանք բավական մանրակրկիտ անդրադարձել են ռուս-ամերիկյան հարաբերությունների գլխավոր կետերին: Համաձայնություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել»:
Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիայի կիրառման ոչ մի նախադրյալ չի տեսնում. «Նրանք մեզ անընդհատ ասում են, որ ո՛չ պատճառ ունեն, ո՛չ էլ ռեսուրս, որ հարձակվեն Ռուսաստանի վրա»:
Պուտինի երդման արարողությունը մայիսի 7-ին է:
2012 թ. աշնանը Օբամային ևս սպասվում են նախագահական ընտրություններ` նա պայքարելու է երկրորդ անգամ երկրի նախագահ դառնալու համար։










































