Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմը կարևոր խթան է դարձել.
«Վրաստանի տարբեր շրջաններում մինչև 40,000 մարդ է հավաքվել որպես ռեզերվիստներ՝ կամավորներ: Վրաստանը ցանկանում է ունենալ 100,000 ռեզերվիստներ: Դա կամավոր ռեզերվ է, ոչ ոք այդպիսի ծառայության համար գումար չի ստանում:
Ռեզերվը կարող է գործի դրվել միայն պատերազմի ժամանակ՝ կանոնավոր բանակին օգնելու նպատակով կամ էլ բնական աղետների ժամանակ: Չի կարելի ռեզերվն օգտագործել կողմերի հակամարտության ժամանակ: Նրանք չեն կարող գործածվել ընդդիմության դեմ:
Մինչև Ռուսաստանի հետ պատերազմը Վրաստանն արդեն պատրաստել էր բազմահազարանոց ռեզերվ, որը, սակայն, չգործածվեց ռազմական գործողությունների ժամանակ: Պատերազմն ի ցույց դրեց դրա նախապատրաստման ժամանակ թույլ տված թերացումները, և ռեզերվի համակարգը փոփոխության ենթարկվեց»:
Հիշեցնենք, որ վրացի ընդդիմադիր կուսակցապետ Իրակլի Ալասանիան հայտարարել է, թե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Վրաստանի արևմտյան հատվածում Բաչո Ախալայայի հայրը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարգադրությամբ հիմնում է զինված խմբավորումներ՝ ընդդիմության ներկայացուցիչներին ահաբեկելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար:







































