Եվրամիության և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի բանակցությունները չափացանց դանդաղ են ընթանում. այսպես է կարծում Եվրապառլամենտում Ռուսաստանի հարցով զեկուցող, ավստրիացի պատգամավոր, «Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ դաշինք» ֆրակցիայի ղեկավար Հաննես Սվոբոդան:
«Իմ դիտարկմամբ` գործընթացը գնում է շատ դանդաղ»,- ասել է Սվոբոդան Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը:
«Դա շատ կարևոր քայլ է` դյուրացնել վիզային ռեժիմը, քանի որ խոսքը ոչ այնքան Ռուսաստանի շահերի պաշտպանության մասին է, որքան Ռուսաստանի քաղաքացիների: Իհարկե, Ռուսաստանը պետք է համապատասխան օրենսդրություն մշակի, բայց և ԵՄ-ն պետք է ավելի բաց դիրքորոշում որդեգրի այս հարցի հետ կապված: ԵՄ-ն պետք է մեծ աջակցություն ցուցաբերի` ընդառաջ գնալով ռուսների ցանկություններին ու պահանջներին»,- ասել է նա:
Վիզային ռեժիմի համաձայնագրի նախագիծը ՌԴ քաղաքացիների կարճատև ուղևորությունների համար ռուսական կողմը փոխանցել է ԵՄ-ի իր գործընկերներին 2010 թ. Դոնի Ռոստովում ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովին։











































