ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում առաջացած դրությունն անվանել է «անթույլատրելի» և «անընդունելի» ու կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Սիրիայում դրությունը դարձել է միջազգային հանրությանն անհանգստացնող ամենալուրջ խնդիրներից մեկը: Մենք չենք կարող ոչ մի րոպե կորցնել: Ամեն մի րոպեն, ամեն մի ժամը նշանակում է նոր մահեր»,- Պան Գի Մունի խոսքերն է մեջբերում գործակալությունը:- Միջազգային հանրությունը պետք է համախմբվի: Խոսքը միջազգային հանրության բարոյական և քաղաքական պատասխանատվության մասին է»:
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է քննարկվի Ֆրանսիայի առաջարկած՝ Սիրիայի դեմ բանաձևի նոր նախագիծը, որով նախատեսվում է նոր միջոցներ ձեռնարկել Դամասկոսի դեմ:
Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադից պատասխան էր ստացել իր առաջարկություններին: Անանի կարծիքով՝ դրանում պաշտոնական Դամասկոսը մինչև վերջ չի բացատրել սեփական դիրքորոշումը իր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Դամասկոս այցելած Անանը Սիրիայի ղեկավարության հետ քննարկել է երկրում բռնությունը դադարեցնելու, մարդասիրական օգնություն մտցնելու և քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը:
Սիրիայում արդեն մեկ տարի է՝ շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև: Այդ ընթացքում, ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, զոհվել է ավելի քան 8000 մարդ:







































