«Մտավոր սեփականության խնդիրները շատ կարևոր են մեր երկրի համար: Այժմ Հայաստանում է գտնվում Եվրամիության պատվիրակությունը, որը ներկայացրել է մի հզոր ծրագիր՝ «ՀՀ մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացման Թվինինգ ծրագիրը», որի նպատակն է Հայաստանում մեծացնել կեղծարարության դեմ պայքարի հնարավորությունները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայհեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում պետք է կազմակերպվեն թրեյնինգներ, կատարվի փորձի փոխանակում: Ծրագրի մեջ կներառվեն նաև պետական մարմիններ, այդ թվում՝ իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանության 6-րդ վարչությունը, մաքսային վարչությունը. «Ծրագրի տևողությունը 24 ամիս է: Ես կարծում եմ, որ այդ երկու տարվա ընթացքում շատ բան կփոխվի»:
«Հեղինակային իրավունքը և արդյունաբերական իրավունքը մտավոր սեփականության մի մասն են, քանի որ երկուսն էլ ստեղծվում են մարդու մտքի շնորհիվ: Այն անձը, ով ստեղծում է որևէ բան, նրան տրվում է բացառիկ իրավունք»։ Ըստ Սուսաննա Ներսիսյանի՝ այդ խնդիրները լուծելու համար մենք պետք է ունենանք հզոր օրենսդրական դաշտ:
Ամենուրեք մենք հանդիպում ենք հեղինակային իրավունքների մի շարք խախտումների: Խախտվում են հեղինակի, կատարողի, ֆոնոգրամա արտադրողի իրավունքները. «Մեզ մոտ անօրինականության տոկոսն այնքան մեծ է, որ սպասել այլևս հնարավոր չէր: Խախտվում են և´ հայաստանյան, և´ արտասահմանյան հեղինակների իրավունքները»:
Վերջում բանախոսը փաստեց, որ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտման հայցադիմումների աճ է նկատվում: Դա վկայում է նախևառաջ այն մասին, որ դատարանի հանդեպ վստահությունը մեծացել է: Առավել հաճախ հանդիպում են գրագողության վերաբերյալ դիմումներ:








































