Փխենյանը կարծում է, որ տիեզերական արբանյակ բաց թողնելու իր ծրագրերը չեն խախտում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունը, որով նախատեսվում է պարենամթերային օգնություն տրամադրել Հյուսիսային Կորեային: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական KBS հեռուստաալիքին:
Փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեան և ԱՄՆ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի շրջանակներում Փխենյանը ժամանակավորապես դադարեցնում է ատոմային փորձարկումները և ուրանի հարստացման աշխատանքները, ինչպես նաև համաձայնում է թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետներին ստուգումներ անցկացնել իր ատոմային օբյեկտներում: Փոխարենը ԱՄՆ-ը նրան պարենամթերային օգնություն է ցուցաբերում:
Չինաստանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ զգալի քայլեր են արել այդ պայմանավորվածությունը կյանքի կոչելու ուղղությամբ՝ մասնավորապես մարտի 16-ին ԱԷՄԳ տեսուչներին երկիր հրավիրելով:
Սակայն հենց նույն օրը Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ պատրաստվում է ապրիլին սեփական հրթիռային տեխնոլոգիաներով ստեղծված արհեստական արբանյակ բաց թողնել ուղեծիր: Փխենյանի այս հայտարարությունը առաջացրեց մի շարք երկրների բուռն արձագանքը, որոնց կարծիքով՝ դա ինքնին հրթիռի փորձարկում է:
«Արբանյակի արձակումը մի բան է, ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի համաձայնագիրը՝ մեկ այլ բան»,- ասել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ կզրկի Հյուսիսային Կորեային պարենամթերային օգնությունից, եթե արբանյակը, այնուամենայնիվ, արձակվի:









































