«Առաջին լրատվական»-ը ԿԸՀ կայքէջից տեղեկանում է, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 8 տեղական հասարակական կազմակերպություն:
Ռուբեն Թորոսյանի գլխավորած «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»-ն, ըստ ԿԸՀ հրապարակման, առաջարկել է առաքելությունն իրականացնել 4 դիտորդով, . «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն` 1667 դիտորդով, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը` 27 դիտորդով:
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել են նաև «Բռունցք» ՀԿ-ն` 581 դիտորդով, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն` 746 դիտորդով, «Համաչափ զարգացում համայնքային զարգացման»-ը` 466 դիտորդով, «Երիտասարդ դիվանագետների ակումբ»-ը` 569 դիտորդով, «Իրավակիրթ հասարակություն»-ը` 585 դիտորդով:
Ընտրական օրենսգրքի համաձայն, հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
Նույն օրենքի համաձայն, դիտորդի կողմից որևէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:










































