Վրաստանը ռազմական տեխնիկա ստեղծելով՝ չի փորձում որևէ մեկին վախեցնել: Նման հայտարարություն արել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ մարտի 19-ին Թբիլիսիի տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն:
Տարեսկզբին Վրաստանը փորձարկեց վրացական առաջին հետևակային ռազմական մեքենան՝ Lazika-ն:
«Մենք մեր ռազմական մեքենայով ոչ ոքի չենք վախեցնում: Դա մեր հպարտությունն է, մենք հպարտ ենք, որ մեր ինժեներները կարողացան ստեղծել տեխնիկա, որի ցուցանիշները մոտ են համաշխարհային անալոգներին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ նման տեխնիկա վաճառելը դժվար չէ, քանի որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք հետևակի համար ռազմական մեքենա են արտադրում:











































