Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» վճիռը Մաշտոցի պուրակի վարաբերյալ

ՎՃԻՌ
Հանուն ինքնորոշված քաղաքացիական հասարակության

«Քաղաքացիական արդար և անկախ դատարանը» հրապարակային դատական նիստում 13.03.2012 թվականին քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն», «Թռչկան» քաղաքացիական և այլ նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի`

– Երևան քաղաքի Մաշտոցի պուրակում տեղադրված առևտրային կրպակներն ապամոնտաժելու,
– Մաշտոցի պուրակը Երևանի Գլխավոր հատակագծին և Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծին համապատասխան բարեկարգելու վերաբերյալ:

Դատարանի համար հիմք հանդիսացող իրավական դաշտը.

«Քաղաքացիական արդար և անկախ դատարանը» գործը քննում է ի պաշտոնե (ex officio) կարգով` հիմնվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքների վրա:

Իրավունքի գերակայության հայեցակարգի վերաբերյալ «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» մոտեցումները բխում են ՄԱԿ-ի կանոնադրության նախաբանում և միջազգային իրավական այլ գործիքներում, այդ թվում` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի պրեամբուլայում և առանձին հոդվածներում արտահայտված դրույթներից:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմքում ևս դրված է իրավունքի գերակայության սկզբունքը: Ավելին, շեշտադրված են իրավունքի գերակայության բովանդակությունը բացահայտող հասկացություններն ու ձևակերպումները: Մասնավորապես` «մարդու իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչում», «ազատությունների հարգում և իրավունքի գերակայություն», «մարդու իրավունքների պաշտպանությունը գլխավորապես պայմանավորված է… համակարգի իրական ժողովրդավարական բնույթով» և այլն: Ամրագրելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, Եվրոպական կոնվենցիան սահմանում է նաև դրանց սահմանափակման և արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղման թույլատրելի սահմանները, որոնք պետք է սահմանվեն օրենքով, լինեն համաչափ, չաղավաղեն իրավունքի էությունը:

Հայաստանյան իրականությունում իրավունքի գերակայության սկզբունքը առաջին անգամ ամրագրում ստացավ նշված` 22 փետրվարի 2002թ. ՍԴՈ-350 որոշմամբ, որով ՀՀ ՍԴ-ն փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը, միանալով Եվրոպայի խորհրդին, ընդունել է իրավունքի գերակայության սկզբունքը: Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն` «Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է ընդունի իրավունքի գերակայության սկզբունքը և այն սկզբունքը, որի համաձայն յուրաքանչյուր անձ, ով գտնվում է այդ անդամի իրավազորության ներքո, պետք է օգտվի մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից»:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ միաժամանակ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության 43-րդ (այժմ` 42-րդ) հոդվածին, ըստ որի «Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները չեն բացառում օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ»: Համաձայն Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման, նշված սահմանադրական դրույթը կարող է մեկնաբանվել, որ Հայաստանի իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձ կարող է ունենալ ոչ միայն Սահմանադրության մեջ չարձանագրված իրավունք, այլև այնպիսի իրավունքներ և ազատություններ, որոնք հանդիսանում են ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքների և ազատությունների տրամաբանական շարունակությունը կամ դրանց իրականացումն ապահովող լրացուցիչ երաշխիք:

Գործում առկա փաստական հանգամանքները.
Վերը նշված քաղաքացիական նախաձեռնություններն ու անհատ քաղաքացիներ հայց են ներկայացրել «Քաղաքացիական արդար և անկախ դատարանին»ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Դատարանը, առաջնորդվելով անմիջական ժողովրդավարության, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքներով, հրապարակային դատական նիստում քննել է ներկայացված փաստաթղթերը, լսել նիստի մասնակիցների հիմնավորումները և պարզել`

1. ՀՀ կառավարության 15 մայիսի 2003թ. թիվ 698-Ն որոշմամբ Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրվել է «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը` տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով: Բացառություն է արվել այլ անձանց արդեն իսկ տրված տարածքների և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» համալիրի համար: Նշված որոշմամբ չի հստակեցվել, թե ինչ նպատակային նշանակության օբյեկտներ կարող են կառուցապատվել նշված` հանրային կանաչ տարածքներում, արդյոք թույլատրելի է կառուցել հիմնական շինություններ, տարածքի մակերեսի որքան հատվածը կարող է կառուցապատվել և այլն: Այդ ցուցանիշները սահմանված են այլ իրավական ակտերով:

2. 24.01.2003թ. Երևան քաղաքի Կենտրոնի թաղապետի թիվ 03 որոշմամբ: 31.01.2003թ. հաստատվել և 01.12.2009թ. Երևանի քաղաքապետի թիվ 375-Ա որոշմամբ փոփոխվել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կանոնադրությունը, որի 1.1. կետի համաձայն «Ընկերության միակ բաժնետերը Երևանի ավագանին է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը»:

2.1. կետի համաձայն` «Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեության (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կենտրոն վարչական տարածքի կանաչապատում) իրականացնելու ճանապարհով շահույթ ստանալը»: Այսպիսով, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի շահույթը պատկանում է Երևան քաղաքի համայնքին և ղեկավարվում քաղաքապետի կողմից: Այս կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տրվել է Երևանի Կենտրոն թաղային համայնքի գրեթե բոլոր հանրային կանաչ տարածքները:

3. 13.12.2011թ. Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանը ստորագրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք Մաշտոցի պողոտա 22/1 հասցեում (Մաշտոցի պուրակում) «Մշակել Գլխավոր պողոտա-զբոսայգու Մ,Մաշտոցի պողոտայի և Ե.Կողբացի փողոցի միջանկյալ հատվածի վերակառուցման` գոյություն ունեցող տաղավարների արդիականացման, նորերի տեղադրման, կանաչ տարածքի ու ճեմուղիների բարեկարգման և բացօթյա ավտոկայանատեղերի ստեղծման նախագիծ»: Որպես հողամասի չափ է նշվել 1.0981քմ. (տասը հազար ինը հարյուր ութսունմեկ) մակերես զբաղեցնող զբոսայգու տարածքը:

4. 15.12.2011թ. Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի կողմից «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին տրվել է Մաշտոցի պուրակում «Գոյություն ունեցող տաղավարների արդիականացման և նորերի տեղադրման» թույլտվություն:

Հայցվորների դիրքորոշումը.

Որպես իրենց դիրքորոշում, հայցվորները ներկայացրել են հետևյալ հիմնավորումները`

1) ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար:

Մեր համոզմամբ Երևանի գլխավոր հատակագծով և Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի կանաչ տարածքի Մաշտոց-Կողբացի հատվածում այլ վայրից տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ:

2) Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները:

ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ Պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցների հարևանությամբ գտնվող կանաչապատ տարածքում Երևան քաղաքի այլ վայրից (Աբովյան փողոցից) տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրման կապակցությամբ հողի` վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել և Երևանի քաղաքապետի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, կամ էլ Երևան քաղաքի ավագանու կողմից խնդրո առարկա հանդիսացող տարածքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ համապատասխան ակտ չի կայացվել:

3) Խնդրո առարկա տարածքում Երևան քաղաքի այլ վայրից (Աբովյան փողոցից) տեղափոխված առևտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրումը և այդ կապակցությամբ կառուցապատում իրականացնելու մտադրությունը ենթադրում էր գոտիավորման նախագծում համապատասխան փոփոխությունների կատարում, որը պետք է իրականացվեր ՀՀ կառավարության 02.05.2003թ. թիվ 625-Ն որոշմամբ սահմանված նախագծման առաջադրանքի կազմման, uխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման նույն ընթացակարգերին համապատասխան, որոնցով հաստատվել է Կենտրոնի գոտիավորման նախագիծը, ինչը չի արվել:

4) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածի համաձայն՝ «Համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է»: Երևանի քաղաքապետարանի կողմից տաղավարների տեղադրման թույլտվությունը տրամադրվել է վերը նշված ծրագրային փաստաթղթերի խախտումներով:

5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություններ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարությունը 30.03.1999 թվականին ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» թիվ 193 որոշումը, որի 7-րդ կետի համաձայն` քաղաքաշինության ոլորտում 1500 քառ. մետր կառուցապատման մակերեսով սահմանային չափը գերազանցող մակերեսի կառուցապատման գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:

Նշված օրենքի 12-րդ հոդվածով արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության:
Ընդհանրապես, «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման նպատակով տրամադրված հողամասի մակերեսը գերազանցում է 10.000 քառ. մետրը, սակայն համապատասխան նախագիծը նշված իրավանորմերին համապատասխան չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որից էլ հասարակությունը պետք է տեղեկանար այդտեղ իրականացվող կառուցապատվող աշխատանքների կազմի և ծավալի մասին, այդ թվում` այժմ տեղադրվող տաղավարների տեղակայման մասին (եթե իհարկե պայմանականորեն ընդունենք, որ կառուցապատման ծրագիրը ներառել է նման տաղավարների տեղադրում այս տարածում): Տվյալ պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում դրական փորձաքննական եզրակացությունը, պուրակում ձեռնարկվող կառուցապատման աշխատանքների իրականացումը պետք է արգելվեր:

ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 896 որոշմամբ սահմանված է, որ ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին:

Խնդրո առարկա տարածքում կառուցվող շինություններն իրականում կառուցվում են թաց շինարարական պրոցեսի միջոցով` հաստ բետոնե հարթակների վրա, ինչի հետևանքով դրանք հանդիսանում են ոչ թե ոչ հիմնական, այլ հիմնական շինություններ:

6) Այգում քաղաքաշինական գործունեությանն առնչվող ողջ գործընթացում խախտվել են կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու, քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու՝ հասարակայնության իրավունքները, որոնք ամրագրված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 28.20.1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշմամբ:

Տվյալ պարագայում երբևէ չի իրականացվել հասարակական իրազեկում Մաշտոցի այգում այնպիսի կառուցապատման ծրագրի իրականացման մասին, որը ներառում է Երևան քաղաքի այլ վայրից առևտրային ուղղվածության տաղավարների տեղափոխումը և տեղադրումը հիշյալ այգում:

7) Կառուցապատման աշխատանքների իրականացման արդյունքում տեղ են գտել քաղաքաշինական գործընթացների և նորմերի այլ խախտումներ:

Մասնավորապես, խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի թիվ 23.05.2003 թվականի «ՀՀՇՆIII-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասնի» թիվ 32-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են շինությունների հեռավորությունը ծառերից և ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008 թվականի «ՀՀՇՆI-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» 14.01.2008 թվականի թիվ 11-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են աշխատանքների կատարման վերաբերյալ հասարակական իրազեկումը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական կարգի հիմունքների կարևոր տարրերից է հանդիսանում շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը ապահովելու պետության պարտականությունը (ՀՀ Սահմանադրություն 10-րդ հոդված):

ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:

Գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը, «Քաղաքացիական արդար և անկախ դատարանի» պատճառաբանություններն ու եզրահանգումները.

ա. կիրառման ենթակա ներպետական օրենսդրության (ստատուտի) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքներին.

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Սահմանադրության 33.2-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:

Հայաստանը «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (հետայսու` Օրհուսի կոնվենցիա) վավերացրել է 2001 թվականին:

Օրհուսի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետություն ստանձնել է պոզիտիվ պարտավորություն ապահովելու, որ պետական մարմինները հասարակությանը տրամադրեն իրենց գործառույթներին առնչվող շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն:

Օրհուսի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, շահագրգիռ հասարակայնությունը շրջակա միջավայրին առնչվող հարցերով որոշումների ընդունման գործընթացի վաղ փուլում պետք է, հրապարակային ծանուցման կամ անհատական կարգով պատշաճ ձևով, ժամանակին և արդյունավետորեն տեկացվի: Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր պետություն պարտավոր է ապահովել հասարակայնության մասնակցությունը վաղ փուլում, երբ դեռ բաց են նախատեսվող գործունեության բոլոր տարբերակների դիտարկման հնարավորությունները, և հասարակայնության մասնակցությունը կարող է արդյունավետ լինել:

Օրհուսի Կոնվենցիայի 9-րդ հոդվածի ուժով Կոնվենցիայի մասնակից յուրաքանչյուր պետություն ազգային օրենսդրության սահմաններում պարտավոր է ապահովել, որ ցանկացած անձ ունենա դատարանում ընդունված որոշման վերանայման հնարավորություն: Այսպիսով, Օրհուսի կոնվենցիան սահմանում է հետևյալ իրավունքները`

1/ պետական մարմինները հասարակությանը տրամադրեն իրենց գործառույթներին առնչվող շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվություն,

2/ վաղ փուլում հասարակությանը մասնակից դարձնեն շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացման գործընթացին և

3/ ապահովեն շրջակա միջավայրի վերաբերյալ կայացված որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածների ուժով Օրհուսի կոնվենցիան Հայաստանի տարածքում գործում է անմիջականորեն: Այսինքն, անկախ այն բանից, թե նշված իրավունքները որքանով են համարժեք ամրագրված ներպետական օրենսդրությամբ (ստատուտով), հասարակության անդամները ՀՀ Սահմանադրության և Օրհուսի կոնվենցիայի ուժով ունեն վերը թվարկված իրավունքները:

Չնայած, որ Սահմանադրությունը և Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիան հասարակությանը շնորհում են շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու լայն իրավունքներ` ներպետական օրենսդրությամբ (ստատուտով) այդ իրավունքները էապես սահմանափակվել են: Համենայն դեպս, ՀՀ բարձրագույն դատական ատյանները, հղում կատարելով ներպետական օրենսդրության վրա, ստեղծել են նախադեպային պրակտիկա, որի համաձայն հասարակությունը իրավունք չունի հանրային իրավունքների պաշտպանության հարցերով հայցով դիմել դատական պաշտպանության և բողոքարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները դատական կարգով: Այդ մասին են վկայում Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Երևանի Ուսանողական այգում իրականացվող շինարարության դեմ ՀՀ քաղաքացիների ներկայացրած դատական հայցերին տրված ընթացքը:

Ինչպես Թեղուտի (գործ` ՎԴ/3275/05/09), այնպես էլ Ուսանողական այգու (գործ` ՎԴ/3432/05/10) պարագայում ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանները իրավական դիրքորոշում են հայտնել, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են», «ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են»:

Այսպիսով, ՀՀ դատական ատյանները վարույթ չեն ընդունում և քննության չեն առնում հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրաց հայցերը, որով խախտվել են հասարակության անդամների` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքները:

Հայաստանի կառավարությունը պարբերաբար ձախողում է Օրհուսի կոնվենցիայով նախատեսված իր միջազգային պարտավորությունների կատարումը: 2011թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը Քիշնևում տեղի է ունեցած Օրհուսի կոնվենցիայի գերագույն մարմնի` Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հանդիպումը, որի ընթացքում կողմերը հաստատել են 17.10.2010թ. թիվ ACCC/C/2009/43 հաղորդման առնչությամբ Կոնվենցիայի Համապատասխանության Կոմիտեի եզրակացության և առաջարկությունների նախագիծը: Պահանջների չկատարման վերաբերյալ Կոմիտեի հիմնական եզրակացություններում մասնավորապես նշված է` «Ի գիտություն ընդունելով III/6b որոշման իրագործման ուղղությամբ Մասնակից պետության կողմից շարունակաբար գործադրվող ջանքերը, Կոմիտեն գտնում է, որ Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, և դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը (56-րդ պարբերություն), ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները (համապատասխանաբար 70-րդ, 777-րդ և 799-րդ պարբերություններ)»: Թեև Կոմիտեի որոշմամբ Հայաստանի համար սահմանված են օրենսդրական բարեփոխումներ կատարելու պահանջներ, սակայն մինչ օրս կառավարությունը չի կատարել օրենսդրական որևէ արժեքավոր բարեփոխում: Սույնով ևս փաստվում է, որ Հայաստանի ներպետական օրենսդրությունը և դատական պրակտիկան չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված` մարդու էկոլոգիական իրավունքներին:

բ. Մաշտոցի պուրակում իրականացված կառուցապատման օրինականության վերաբերյալ «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» հետևությունները.

Հիմք ընդունելով այն փաստը, որ «Քաղաքացիական արդար և անկախ դատարանը» իր որոշումները կայացնում է ex officio կարգով և կաշկանդված չէ հայցվորների ներկայացրած փաստական հանգամանքների ծավալով և իրավական դիրքորոշմամբ, դատարանը գտնում է`

1) ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետության ու համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին ու գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով:

Երևանի գլխավոր հատակագծով և Կենտրոնի գոտիավորման նախագծով Մաշտոցի պուրակում առևտրային ուղղվածության տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որևէ ծրագիր նախատեսված չէ: ՀՀ կառավարության 15.05.2003թ. թիվ 698-Ն որոշման բովանդակությունից բխում է, որ Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրման կապակցությամբ հողի` վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել և համապատասխան ակտ չի կայացվել:

2) ՀՀ կառավարության 02.05.2003թ. թիվ 625-Ն որոշմամբ սահմանված են այն նորմերն ու չափանիշները, որոնց պետք է համապատասխանեցվեն շինարարական նորմերը: Մաշտոցի պուրակում առևտրային տաղավարների կառուցապատում իրականացնելու համար նշված որոշմանը համապատասխան Կենտրոնի գոտիավորման նախագծում պետք է կատարվեին համապատասխան փոփոխություններ: Դրանք պետք է իրականացվեին սահմանված նախագծման առաջադրանք կազմելով, uխեմաներ մշակելով, քախաքաշինական, բնապահպանական փորձաքննության և օրենքով սահմանված բոլոր այն ընթացակարգերին համապատասխան, որոնցով հաստատվել է Կենտրոնի գոտիավորման նախագիծը: Երևանի քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերից հետևում է, որ այս ընթացակարգերը չեն պահպանվել:

3) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածի համաձայն՝ «Համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է»:

Երևանի քաղաքապետարանի կողմից տաղավարների տեղադրման թույլտվությունը տրամադրվել է գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված ծրագրային փաստաթղթերի խախտումներով, ինչի հետևանքով փոխվել է այգու գործառնական նշանակությունը, հանգստի գոտուց վերածվելով առևտրի գոտու: Բացի այդ, Երևանի Գլխավոր հատակագծով Մաշտոցի այգու տարածքով պետք է անցկացվի մետրոյի ենթակառուցվածք, այստեղ չի կարող լինել ավտոկայանատեղի:

4) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետով սահմանվում է, որ քաղաքաշինության ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա են սահմանային չափը գերազանցող շենքեր, կառույցներ, համալիրներ և այլ նախատեսվող գործունեություններ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն «Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 1-ին կետում թվարկված այն նախատեսվող գործունեությունները, որոնց ցուցանիշները չեն հասնում սահմանային չափերին, բայց իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»: Նշված կետի շրջանակներում կիրառման ենթակա օրենսդրությունն է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածը, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի Գլխավոր հատակագծին և Երևան քաղաքի համայնքի ավագանու 2007թ. նոյեմբերի 28-ի թիվ 5074-Ա որոշմամբ հաստատված` Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագիծը և այլ իրավական ակտեր: Նշված իրավական ակտերի վերլուծությունից ենթադրվում է, որ հասարակական լսումներ պետք է անցկացվեն և բնապահպանական փորրձաքննության պետք է ենթարկվեն հանրային կանաչ գոտիներում իրականացվող կառուցապատման աշխատանքներն անգամ այն դեպքում, եթե կառուցապատման մակերեսը չի գերազանցում սահմանված 1500քմ. մակերեսը:

5) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի իմաստով համապատասխան պետական մարմինները պետք է հասարակությանն իրազեկ պահեն ազդակիր նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին: Անկախ նրանից, թե ինչ ձևական մեխանիզմներ է օրենքը նախատեսում, բովանդակային առումով հասարակությունը պետք է Օրհուսի կոնվենցիային համարժեք` վաղ փուլում իրազեկվի հանրային կանաչ տարածքներում իրականացվող կառուցապատման աշխատանքների մասին:

Տվյալ պարագայում հասարակությունն անտեղյակ է եղել, որ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն ստացել է Մաշտոցի պուրակում 1.0981քմ. մակերեսով տարածքում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու իրավունք: Թեև տաղավարներով ծանրաբեռնվող տարածքը կազմում է 605քմ. և փոքր է բնապահպանական փորձաքննություն կատարելու համար օրենքով սահմանված 1500քմ. չափից, սակայն դա կառուցապատողին չի ազատում հասարակական լսումներ անցկացնելու պարտավորությունից, քանի որ «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին կառուցապատման նպատակով տրամադրված հողամասի մակերեսը գերազանցում է 10.000 քառ. մետրը (1.0981): Ստեղծված իրավիճակը փաստում է, որ ընդամենը ճարտարապետահատակագծային մեկ այլ առաջադրանքնտալու միջոցով այգու ամբողջ տարածքը կարող է փոքր հողակտորներով ամբողջությամբ կառուցապատվել` առանց հաշվի առնելու Գլխավոր հատակագծով սահմանված չափորոշիչները: Արդյունքում կարող է այնպես ստացվել, որ կառուցապատման ընդհանուր ծավալը գերազանցի 1500քմ-ը, սակայն դա արվի աստիճանաբար, քանի որ կառուցապատման իրավունքն արդեն իսկ տրված է: Այսպիսով, խախտվել է հասարակության անդամների իրավունքը մասնակից լինելու շրջակա միջավայրին վերաբերող որոշումների կայացմանը: Տվյալ պարագայում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում է 1.0981քմ. մակերեսով հատկացված տարածքում կառուցապատման իրավունքի տրամադրման բնապահպանական փորձաքննական դրական եզրակացությունը, պուրակում ձեռնարկվող կառուցապատման աշխատանքների իրականացումն անթույլատրելի է:

6) ՀՀ կառավարության 24.09.2001 թվականի «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 896 որոշման 2-րդ կետով սահմանված է, որ ոչ հիմնական շինությունները կենցաղային, արտադրական, կոմունալ, առևտրի, սպասարկման, ինչպես նաև այլ նպատակներով օգտագործվող շինություններ են, որոնք տեղադրվում են հողի մակերեսին (հողի մակերեսի բարեկարգման ծածկույթի վրա), հողի մեջ չունեն հիմքեր, չեն պահանջում թաց շինարարական պրոցեսներ և անհրաժեշտության դեպքում կարող են անջատվել հողից` առանց էական վնաս հասցնելու հողի ծածկույթին, այդ շինությանը կամ դրա առանձին մասերին: Նույն որոշման 4-րդ կետի համաձայն, «Ոչ հիմնական շինությունը պետք է լինի հանելու կամ տեղափոխելու համար ապամոնտաժվող տարրերից հավաքվող կամ տարածական կայունություն ունեցող ամբողջական միավոր` բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը»:

Նշված նորմերից բխում է, որ ցանկացած պարագայում ոչ հիմնական (ժամանակավոր) շինության համար բետոնապատման որևէ աշխատանք պետք է բացառվի: Մաշտոցի պուրակում կառուցվող շինություններն իրականում կառուցվում են թաց շինարարական պրոցեսի միջոցով` հաստ բետոնե հարթակների վրա, ինչի հետևանքով դրանք հանդիսանում են ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական շինություններ:

7) Այգում քաղաքաշինական գործունեությանն առնչվող ողջ գործընթացում խախտվել են կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու, քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մասնակցելու՝ հասարակայնության իրավունքները, որոնք ամրագրված են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 28.20.1998 թվականի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշմամբ:

Տվյալ պարագայում երբևէ չի իրականացվել հասարակական իրազեկում Մաշտոցի այգում այնպիսի կառուցապատման ծրագրի իրականացման մասին, որը ներառում է Մաշտոցի պուրակում առևտրային տաղավարների տեղափոխումը և տեղադրումը:

8) 06.05.2010թ. ՀՀ կառավարությունն ընդունել է «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 711-Ն որոշումը: Որոշման 3-րդ կետի համաձայն` «Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց սահմանված կարգով համաձայնեցումն ու ընդունումը, ենթակա են փորձաքննության»: Այս կարգի համաձայն, քաղաքաշինական փորձաքննության ենթակա չեն միայն I-ին կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտները (աշխատանքները): Այդ աշխատանքների սպառիչ ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 02.02.2002թ. թիվ 91 որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության» կարգի 2-րդ հավելվածում: Դրանք ներառում են գերազանցապես վերանորոգման աշխատանքներ` կտուրների և ծածկերի վերանորոգում, դռների ու լուսամուտների փոխում, ներքին հարդարում և այլն: Մաշտոցի պուրակում կառուցված առևտրային կրպակները դասվում են ավելի բարձր կատեգորիայի օբյեկտների շարքին և օրենքի ուժով պետք է ենթարկվեին քաղաքաշինական փորձաքննության, ինչը չի արվել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` «Քաղաքացիական անկախ և արդար դատարանը»

եզրակացնում է`

«Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը», «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն», «Թռչկան» քաղաքացիական և այլ նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի ամբողջությամբ ենթակա է բավարարման:

Երևանի Մաշտոցի պուրակը պետք է բարեկարգվի ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի թիվ 2330-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի Գլխավոր հատակագծին և Երևան քաղաքի համայնքի ավագանու 2007թ. նոյեմբերի 28-ի թիվ 5074-Ա որոշմամբ հաստատված` Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագծին համապատասխան:

Հանրային երդվյալ ատենակալների վճիռը

17.03.2012 թվականին հրապարակային նիստում «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» եզրակացության հիման վրա հանրային երդվյալ ատենակալները քվեարկությամբ վճիռ կայացրեցին Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել 10 օրյա ժամկետում ապամոնտաժելու տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել և օգտագործել դրա նպատակային նշանակությանը համապատասխան:

Երդվյալ ատենակալների կողմից կայացված վճիռը վերջնական է և օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Վճռի իրականացման ապահովումը դնել քաղաքացիական հասարակության վրա:

«Քաղաքացիական արդար և անկախ դատարան»

17 մարտի 2012թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում