Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, որ հրապարակվել է նախօրեին, բավական ուշագրավ է իր թե՛ թվաքանակով, թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ, ու կարծես թե հանդիսանում է ներիշխանական իրավիճակի յուրօրինակ ինդիկատոր:
Նախ, ցուցակը բավական բազմամարդ է՝ 250 մարդ, ինչը նաև որոշակիորեն զարմանալի իրողություն է խորհրդարանի 131 տեղի պարագայում, այն էլ այն դեպքում, երբ համամասնական տեղերը զգալիորեն քիչ են լինելու և անգամ 50 տոկոսից ավելի ձայնի պարագայում ՀՀԿ-ն համամասնականով խորհրդարանի նույնիսկ կեսը չի վերցնի: Ինչի՞ մասին է խոսում այդ մեծ թվաքանակը: Դա թերևս խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի համար անհրաժեշտ է մի ցուցակ, որը կունենա, այսպես ասած, մեծ ճկունություն: Այսինքն` մեծ ցուցակը հնարավորություն կտա ըստ հայեցողության և քաղաքական, իսկ գուցե նույնիսկ ըստ արտաքին քաղաքական իրավիճակի որոշել, թե ով կլինի պատգամավոր, ով կտեղափոխվի իշխանության այլ հատված: Այսինքն` 250 հոգանոց ցուցակի առկայությունն ըստ էության վկայում է, որ առաջիկա տարիները իշխանության, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի համար բավական անկանխատեսելի տարիներ են, և նա պատրաստվում է դրա համար ունենալ բավական ճկուն մի ցուցակ, որպեսզի կարողանա անակնկալներից ապահովագրվել ինչ-որ չափով և ունենալ խորհրդարանում մանդատային մանևրի հնարավորություններ: Այսինքն` Սերժ Սարգսյանը չգիտե, չի պատկերացնում, չի կարողանում կանխատեսել, թե ինչ անհրաժեշտության առաջ կարող է կանգնել խորհրդարանի ընտրությունից հետո:
Այդ իմաստով, ՀՀԿ ցուցակը վկայում է կամ հուշում, որ իշխանության սպասումները այդքան էլ կայուն չեն: Խնդիրը տվյալ պարագայում այն է, թե անկայուն են հատկապես ո՞ր մասով՝ տնտեսական, ներքաղաքական, քաղաքացիական, ներիշխանական, թե՞ արտաքին քաղաքական՝ միջազգային զարգացումների մասով: Փաստը սակայն այն է, որ սպասումներն անկայուն են: Այդ համատեքստում էլ այն, որ իշխանությունը ներկայացնում է հսկայական ցուցակ՝ այդպիսով փորձելով պատրաստվել հնարավոր անկանխատեսելի զարգացումներին, իր համար ապահովելով մանևրի հնարավորություն, հուշում է իշխանական համակարգի կառավարման հարցում առկա խնդիրների մասին: Այսինքն` այդ համակարգում փաստորեն մի իրավիճակ է, երբ չկա հստակ կառավարում և փաստորեն հարկ կլինի ըստ քաղաքական կոնյունկտուրայի և ըստ իրավիճակի՝ բավարարել իշխանական այս կամ այն խմբին, կամ համոզել այս կամ այն խմբին, կամ պատժել, շանտաժել և այլն: Դրանով էլ պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց խորհրդարանի ընտրությանն ընդառաջ մեծ հաշվով վերահսկելի դարձնել իշխանական համակարգը և այդ համակարգի կառավարման հարցում հասնել գերակայության: Սերժ Սարգսյանը ներկայումս ավելի շատ կատարում է իշխանական համակարգը համակարգողի, քան կառավարողի դեր, և դրա վկայությունը թե ՀՀԿ համամասնական ցուցակի մեծ թիվն է, թե կազմը՝ դասավորությամբ հանդերձ:
Մի կողմից, Սարգսյանը խոսում է բարեփոխումների, հավատալու և փոխվելու մասին, նոր ժամանակի պահանջներին համապատասխանելու մասին, մյուս կողմից ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին անցողիկ տեղերը լի են հին մարդկանցով, որոնք երևի թե իրենք իրենց հանդեպ են կորցրել փոխվելու հույսը, ուր մնաց այդպիսի հույսեր ներշնչեն հասարակությանը: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը չկարողացավ որոշումներ կայացնելու հարցում հասնել ներիշխանական գերակայության, նա ստիպված եղավ փոխզիջումների գնալ քրեաօլիգարխիկ հատվածի հետ և մի կողմից հրապարակային ելույթներում այդ հատվածի դեմ խոսել, իսկ մյուս կողմից այդ հատվածի ներկայացուցիչներին տեղ տալ անցողիկ տողերում: Ինչ խոսք, նկատի ունենալով իշխանության սպասումների անկանխատեսելիությունը, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն այդ լուծումը գտել է և ընկալում է որպես ժամանակավոր լուծում, մինչև որ ընտրական այս փուլն անցնցում անցկացնելով՝ ամրապնդի իր իշխանությունը:
Բայց խնդիրն այն է, որ նման համամասնական ցուցակի պարագայում կասկածի տակ է հայտնվում անցնցում ընտրության հեռանկարը: Այստեղ իհարկե Սերժ Սարգսյանի գլխավոր հույսերից մեկը ոչ այնքան Տիգրան Սարգսյանի մեղրածոր դասախոսություններն են նոր կյանքի, փոփոխվող աշխարհի և զարգացող տնտեսության մասին, որքան Բարգավաճ Հայաստանն ընդդիմադիր ընտրազանգվածին կլանելու իր կարողությամբ կամ պոտենցիալով: Սերժ Սարգսյանին խիստ անհրաժեշտ է, որ Բարգավաճ Հայաստանը կարողանա հնարավորինս շատ ընդդիմադիր ձայն հավաքել, որպեսզի հետո հնարավոր լինի այդ ձայների շնորհիվ խուսափել հետընտրական ցնցումներից՝ ԲՀԿ հետ պայմանավորվելով: Դա է Սերժ Սարգսյանի գլխավոր հույսերից մեկը: Բայց, արդյոք Բարգավաճ Հայաստանը կգնա՞ այդպիսի պայմանավորվածության, հավաքել ձայներն ու տալ ՀՀԿ-ին: Սա հարց է, որի պատասխանն առայժմ հարաբերական է, որովհետև Բարգավաճ Հայաստանը կարող է ՀՀԿ-ին խոստանալ, իսկ հետո պարզապես գցել: Բայց հենց դրա համար էլ Հանրապետական կուսակցությունն առաջիկա խորհրդարանի ընտրությանը փորձեց բազմազանեցնել խաղը և նախնական տարբերակում ոչ մի հույս չտալով Ժառանգությանն ու Դաշնակցությանը, այդուհանդերձ հետագայում նրանց ևս ներգրավեց ֆավորիտների շրջանակ: Իսկ հետագայում այդ շրջանակին միացավ նաև Ազատ-դեմոկրատները՝ իհարկե Ժառանգության հետ համատեղ: Այդ բազմազանությունը Սերժ Սարգսյանին հնարավորին ապահովագրում է ԲՀԿ-ի կողմից գցված լինելու վտանգից, իհարկե ամբողջությամբ չէ, որ ապահովագրում է, որովհետև տեսականում հնարավոր է բոլորը մեկի դեմ դասավորություն: Բայց, գործնականում այդ դասավորությունը չստացվեց, ինչին ականատես եղանք 100 տոկոս համամասնականի նախաձեռնության պարագայում: Եվ դա Սերժ Սարգսյանի համար փաստացի պիլոտային տարբերակ էր, ինչը նրան թերևս հույս ներշնչեց, որ բոլորը մեկի դեմ տարբերակը գործնական իմաստով բացառված է:
Սակայն, նկատի ունենալով այն, որ իշխանությունն ինքը գտնվում է անկայուն սպասումների իրավիճակում, բոլորը մեկի դեմ տարբերակի մասով կարող ենք ասել ինչպես հայտնի դիվանագիտական արտահայտությունում՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ ոչինչ. ըստ այդմ, եթե իշխանությունն ունի անկայուն սասումներ և պատրաստել է մեծ մանևրների հնարավորություն տվող ցուցակ, ուրեմն բացառված չէ իրադարձությունների զարգացման ոչ մի տարբերակ:





































