Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` այս շաբաթ Անկարա է այցելելու Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Վերջինիս ընդունելու է նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը:
Հանդիպման ժամանակ Բորիսովն առաջ է քաշելու երկու երկրների գազային ներքին ցանցերը կարճ խողովակաշարով միմյանց միացնելու հնարավորությունը: Այդ նախագծով նախատեսվում է ադրբեջանական գազը հասցնել Բուլղարիա, ինչն անհրաժեշտ է ծայրահեղ դեպքերի համար՝ որպես ռուսական գազին այլընտրանք:
Բուլղարիան արդեն իսկ Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրել տարեկան մոտ 1 միլիարդ խորանարդ մետր գազի գնման մասին: Պլանավորված է, որ առաջիկա 4-5 ամիսներին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ընկած Թրակիայից մինչև Բուլղարիայի հարավում ընկած Խասկովո անցկացվելու է 80 կիլոմետրանոց խողովակաշար: Նախագծի հաջողության դեպքում ադրբեջանական գազը կարող է արդեն իսկ 2013 թվականին հայտնվել Բուլղարիայում:
Նշվում է, որ Ադրբեջանը 2011 թվականին «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարով, որի տարեկան թողունակությունը կազմում է 7.2 միլիարդ խորանարդ մետր, Թուրքիային մատակարարել է ընդամենը 4.5 միլիարդ խորանարդ մետր գազ:









































