Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, և համապետական ընտրություններ կոչվածն այս պարագայում ժողովրդավարական ընտրությունների բովանդակություն չունի. այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց փորձագետ Էդգար Վարդանյանը:
«Արդեն իսկ կարելի է համարել, որ ընտրություններն ազատ ու արդար չեն: Բանն այն է, որ բոլորի,այդ թվում` ընտրողների համար պետք է հավասար պայմաններ ստեղծվեն: Բայց ակնհայտ է, օրինակ, որ համապետական հեռուստաալիքներում մեծ մասամբ իշխանական ուժերի քարոզ է իրականացվում, կողմնակալ վերաբերմունք կա: Հենց հեռուստաընկերությունների միջոցով է ուղեղների լվացում իրականացվում»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ անհավասար պայմաններն իշխանությունների կողմից միտումնավոր ստեղծվում են դեռ ընտրությունների մեկնարկային փուլում:
«Այս ամենը նման է վազքի մրցապայքարի, երբ մի քանի մարզիկներ հենց սկզբում բոլորից մի քանի քայլ առաջ են կանգնած: Դա արվում է նրա համար, որպեսզի արդեն ընտրությունների ժամանակ կարիք չլինի դիմելու ճչացող խախտումների»,- նշեց Էդգար Վարդանյանը:
Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար բոլոր գիտակից քաղաքացիները պարտավոր են որոշակի քայլերի դիմել: «Ցավոք, Հայաստանում նման շարժում առայժմ չկա: Կա միայն շարժում սկսելու ներուժ: Նման շարժում կար 2008-ին»,- ասաց քաղաքագետը:
Ասուլիսի մյուս բանախոս, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն իր հերթին նկատեց, որ նախընտրական տրամադրությունների մասին վաղ է խոսել: «Ուղիղ գործընթացն սկսված չէ, և ընտրազանգվածը դեռևս կողմնորոշման փուլում է: Մարդկանց շրջանում զվարճանքի հույզեր են գերակշռում: Միաժամանակ, մեզանում նոր հերոսների ձևավորման անհրաժեշտություն կա»,- ասաց նա:
Անդրադառնալով կուսակցությունների կարգախոսներին` հոգեբանը նշեց, որ ձևավորվելուց հետո դրանք պետք է որոշ ժամանակ աշխատեն` պարզելու համար, թե որքանով են արդյունավետ:
ՀԱԿ-ում կան մտահոգիչ գործընթացներ, որոնք կասկած են հարուցում, թե այնտեղ անձի պաշտամունք է ձևավորվում, ասաց Էդգար Վարդանյանը: «Միաժամանակ այնտեղ կան մարդիկ, քաղաքական խմբեր, որոնք զուտ ռացիոնալ տեսանկյունից են նայում Լևոն Տեր-Պետրոսյանի անձին և նրա «անունով չեն երդվում»: Կան նաև հակառակ խմբի մարդիկ»,- ասաց նա:









































