Սաուդյան Արաբիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել մուսուլմանների համար սուրբ քաղաք համարվող Մեքքայում, քանի որ այնտեղ չեն դադարում տեղատարափ անձրևները: Դրությունը դեռ ծայրահեղ չի, սակայն քաղաքացիական պաշտպանության 800 աշխատակից բերվել են բարձր պատրաստության աստիճանի տարերքի դեմ պայքարելու համար:
Ջրի հեռացման համար արդեն օգտագործվում է հատուկ տեխնիկա: Ուղղաթիռները պատրաստ են ցանկացած պահի սկսել փրկարարական աշխատանքները:
2009թ.-ի նոյեմբերի հաջի ժամանակ Սաուդյան Արաբիայի վրա թափվեցին տեղատարափ անձրևներ, որի նմանը Արաբական թերակղզու բնակիչները մի քանի տասնամյակ չէին տեսել: Մեքքայում և Ջիդդայում ջրհեղեղի հետևանքով մահացել է 120 մարդ, ջրի տակ են հայտնվել հարյուրավոր տներ:
Ինչպես հիշեցնում է ИТАР-ТАСС գործակալությունը, տարերքը առաջացրել էր թագավորական ընտանիքի դժգոհությունը. նրանց վրդովեցրել էր կոմունալ ծառայությունների ներկայացուցիչների անգործությունը, որոնք չնայած խոստումներին, այդպես էլ Սաուդյան Արաբիայի խոշոր քաղաքներում չեն կառուցել ջրահեռացման և կոյուղու համակարգեր: