Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ Ինտերպոլը, Մավրիտանիայում ձերբակալված լիբիական հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Աբդուլլահ Աս-Սենուսիին ձերբակալելու և Լիբիա էքստրադիցիայի ենթարկելու հրահանգ է տվել: Ինչպես նշվում է Ինտերպոլի տարածած հաղորդագրության մեջ, նման միջոցառում Ինտերպոլն իրականացրել է Լիբիայի նոր իշխանությունների հարցմանն ի պատասխան։ Այս մասին հաղորդում է ИТАР ТАСС-ը:
Միջազգային ոստիկանությունը ողջունել է այդ քայլն՝ ընդգծելով իր աջակցությունը երկրի նոր իշխանությանը: «Ինտերպոլն իր վրա պարտավորություն է վերցրել իրավական պետության վերականգնման և կառուցման ճանապարհին աջակցել Լիբիայի ջանքերին, և հանձնման պահանջը միանգամայն վկայում է արդարադատության բնագավառում միջազգային համագործակցության հանձնառության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սենուսին ձերբակալվել էր ուրբաթ լույս շաբաթ գիշերը՝ Մավրիտանիայի մայրաքաղաք Նուաքշոտի օդանավակայանում:









































