Թուրքիայի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ ու մականներ է օգտագործել՝ դադարեցնելու համար քրդական ցույցերը, որոնք տեղի են ունենում ողջ երկրով մեկ: Reuters-ը հաղորդում է որ սա քրդական Նոր տարվա տոնակատարությունից առաջ մեծացող լարվածության առաջին նշանն է:
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինված գրոհայինները կոչ էին արել, որ առավել լայնածավալ ցույցեր լինեն Քրդական Նոր տարվա առիթով, որը սկսվում է մարտի 21-ին։ Նրանք հույս ունեն, որ կառավարությունը, որը մեծապես աջակցել է «արաբական ապստամբություններին», կարող է խոցելի լինել փողոցային ցույցերի նկատմամբ:
Ամենաբազմամարդ ցույցը տեղի է ունեցել Դիարբեքիրում, որը երկրի հարավ-արևելքի ամենամեծ քաղաքն է: Ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել:
Ցույցերը ցրելու համար փողոց են դուրս եկել հարյուրավոր ոստիկաններ՝ զինված մեքենաներով և ուղղաթիռներով: Նրանք փորձել են կանխել, որ մարդկանց խմբերը միանան իրար: Թուրք իշխանություններն արգելել են Ամանորյա տոնակատարությունները մինչև մարտի 21-ը: Դիարբեքիրում բախումներ են սկսվել:
Միևնույն ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքից դուրս` թափահարելով քրդական դրոշը:









































