Հունվարի 11-ին Կոնդի բնակիչ 42-ամյա Սահականուշ Գրիգորյանին «Բագրատուր» ընկերության սեփականատեր Բաբկեն Եսայանի որդին վրաեթի է ենթարկել և տուժողին թողնելով անօգնական վիճակում` դիմել փախուստի։ Ականատեսներին հաջողվել է գրանցել մեքենայի` «Տոյոտա Կորոլա» մակնիշի համարանիշը` 60 սօ 909։ Տուժողին տեղափոխել են «Պլանի գլխի» հիվանդանոց։ Հիվանդանոցում տուժողը ոստիկանների խոսակցություններից է միայն իմացել, որ իրեն վրաերթի է ենթարկել Բաբկեն Եսայանի որդին։ Հիվանդանոցում արձանագրել են, որ Սահականուշ Գրիգորյանը ուղեղի ցնցում է ստացել։ Հատկանշական է այն հանգամանքը, որ երբ Սահականուշը քննիչներին պատմել է, որ իրեն սև մեքենա է վրաերթի ենթարկել, քննիչը շտապել է նրան համոզել, որ ոչ թե սև, այլ «մետալիկ» գույնի մեքենա է եղել։ «Ես ասում եմ` սև է, ինքը, թե` մետալիկ։ Տեսնելով, որ համառում եմ` ասում է, թե ուղեղի ցնցում եմ ստացել, հետևաբար գույները խառնում եմ։ Հասկանալի է, որ ամեն ինչ անում են, որ գործը կոծկեն։ 4 օր անց` աշխատանքային օրվա ավարտին, ինձ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու գրություն են տվել, բայց առջևում ոչ աշխատանքային օրեր են։ Հասկանալի է, որ ամեն ինչ արվում է գործը կոծկելու համար, քանի որ մինչև փորձաքննությունը կապտուկներս էլ կվերանան»,- մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեց Կոնդի բնակիչ, «Փարոսի» նպաստառու 42-ամյա Սահականուշ Գրիգորյանը։