Բելառուսի խորհրդարանի նախկին նախագահ, երկրի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը կիրակի օրը չի կարողացել մեկնել Լիտվա, որովհետև բելառուսական սահմանապահները հայտնել են, որ նա գտնվում է «դուրս գալու թույլտվություն չունեցողների» ցուցակում:
«Բելառուսա-լիտվական սահմանին սահմանապահները ինձ շատ քաղաքավարի հայտնեցին, որ ինձ երկրից դուրս չթողնելու հրաման կա»,- ասել է Շուշկևիչը «Ինտերֆաքսին»:
Շուշկևիչը 1990-1993 թթ. գլխավորել է Բելառուսի խորհրդարանը՝ ըստ այն ժամանակվա սահմանադրության հանդիսանալով երկրի ղեկավար:
1991 թ. հենց Շուշկևիչն է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ միասին ստորագրել Բելովեժյան համաձայնագիրը, որով վերջ դրվեց Խորհրդային Միությանը:
Ինչպես հաղորդում է քաղաքական գործիչը, սահմանապահները նրան են վերադարձրել փաստաթղթերը և առաջարկել են պարզել, թե ինչի համար իրեն դուրս չեն թողնում երկրից:
«Այդ կերպ նրանք խափանեցին իմ աշխատանքային այցը Վիլնյուս: Հիմա ես հետ եմ վերադառնում Մինսկ, իսկ այնտեղից ստիպված եմ մեկնել Մոսկվա»,– ասել է Շուշկևիչը՝ ավելացնելով, որ ինքը ստիպված է կյանքի ապրուստ վաստակել արտասահմանում, որովհետև իրեն չեն վճարում թոշակ` որպես երկրի նախկին ղեկավար:
Ինչպես հաղորդում են բելառուսական լրատվամիջոցները, երկրում գոյություն ունի արտասահման գնալու թույլտվություն չունեցողների ցուցակ, որի մեջ մտնում են ընդդիմության ավելի քան 100 ներկայացուցիչներ, ակտիվիստներ և լրագրողներ։
Ցուցակը ձևավորվել է ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, համաձայն որոնց՝ բելառուսական մի շարք պաշտոնյաների արգելվում է մուտք գործել Եվրամիության երկրներ։










































