Սաուդյան Արաբիան, փորձելով վերջ դնել Սիրիայում տեղի ունեցող բռնություններին, Հորդանանի տարածքով զենք է մատակարարել սիրիական Ազատ բանակին:
Ըստ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հայտարարության` սիրիացի ընդդիմությունն իրավունք ունի ինքնապաշտպանության համար զենք ստանալ. այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:
Շատ արաբական երկրներ, այդ թվում նաև` Կատարը և Քուվեյթը, առաջարկել էին զինել սիրիացի ապստամբներին:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Հասան Մահմուդը Կատարին և Սաուդյան Արաբիային մեղադրել էր «զինված ահաբեկիչ խմբավորումներին սատարելու մեջ, ովքեր մասնակից են ահաբեկչությունների, և որոնց հետ բախվել են սիրիացիները»:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները` Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ը և Օմանը, փակել էին իրենց դեսպանատները Դամասկոսում և ետ կանչել դիվանագետներին:









































