Հայաստանի ամենամեծ խնդիրն այն է, որ տնտեսվարող սուբյեկտները չեն գտնվում հավասար դաշտում ոչ թե օրենքի կամ հարկային դաշտի առումով, այլ դրա կիրարկման առումով, որովհետև օգտվում են տանիքներից, օգտվում են իշխանության հովանավորությունից: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տվեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ շեշտելով, որ չկան մրցակցային հավասար պայմաններ:
ԲՀԿ համագումարում հնչեցրած տնտեսական գնահատականների վերաբերյալ, մասնավորապես, որ պետք է ՓՄՁ-ներին արտոնություններ տրվեն, հարկային բարեփոխումներ իրականացվեն և այլն, Վ. Խաչատրյանը նշեց, որ մասնագիտական առումով դեմ է ՓՄՁ ոլորտին արտոնություններ տրամադրելուն, որովհետև առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու է տնտեսության վիճակն այդպիսին:
«Նախևառաջ ախտորոշում պետք է տալ: Իսկ հիվանդության ախտորոշումը միանշանակ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ մշակութային կյանքում, բոլոր բնագավառներում այն է, որ մրցակցություն չկա, եղած օրենքները չեն կիրառվում, իրավունքի կիրառման առումով հավասարություն չկա, և տնտեսության մեջ դա շատ հստակ երևում է: Օրենքի մեկնաբանությունը կախված է իշխանության ներկայացուցիչների ցանկությունից»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ արտոնությունները չէ, որ պետք է ՀՀ տնտեսությունը զարգացնեն, այլ տնտեսությունը կարող են զարգացնել միայն նորմալ, հավասար մրցակցային պայմանները:
Որպես դրա վառ ապացույց նա բերեց Խաչատուր Սուքիասյանի հետ տեղի ունեցողը, երբ ոստիկանությունը չեղյալ է հայտարարել բնակության վերաբերյալ տեղեկանքը՝ նշելով, թե Սուքիասյանը վերջին 5 տարում 10 ամիս 20 օր ժամկետով Հայաստանում չի բնակվել. «Տեղեկանք չեն տալիս և չհիմնավորված մեկնաբանություն են անում: Բոլորը գիտեն, որ Սուքիասյանը 5 տարի ապրել է այստեղ և 5 տարի ՀՀ քաղաքացի է: Իսկ նման այլ օրինակներ կան, որ երբ պետք է իշխանությունը աչքերը փակում է՝ Ռոբերտ Քոչարյանին 1998թ. թուղթ տալը: Բոլորը գիտեին, որ նա ՀՀ քաղաքացի չի եղել, վերջին 5 տարին ՀՀ-ում չի բնակվել, նույնիսկ այդ հասցեն կեղծ էր, որ տրվել էր Շահումյանի շրջանում՝ այսօրվա Մալաթիա-Սեբաստիայում: Բայց, քանի որ պետք էր, գրանցեցին»:










































