ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհի 10 այլ երկրներում՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Սինգապուրը, Ճապոնիան, լայն վաճառքի է հանվել Apple-ի պլանշետային համակարգիչների երրորդ սերնդի նոր iPad-ը:
Գնորդների երկար հերթ է գոյացել մինչ ֆիրմային խանութների բացումը, ոմանք անգամ գիշերել են դրսում՝ մուտքի մոտ, որպեսզի առաջիններից մեկը ձեռք բերեն ուլտրաժամանակակից սարքը:
Առաջին երջանիկները, որոնք դուրս են եկել Լոս Անջելեսի խանութներից, հաղորդել են իրենց տպավորությունները գնումից: «Առաջինը, որ ապշեցնում է, էկրանն է: Այն հրաշալի է, ֆանտաստիկ, ես արդեն սիրում եմ իմ նոր համակարգիչը»,- ITAR-TASS-ի թղթակցին ասել է նոր iPad-ի տերը:
Ի դեպ, հիմա մեկ անձը կարող է գնել միայն 2 համակարգիչ: Դա արվում է այն նպատակով, որ ընկերությունը կարողանա մարդկանց պաշտպանել վերավաճառողներից:
Apple-ի անձնակազմն աշխատանքի է դուրս եկել ուժեղացված կազմով, աշխատանքը եռում է խանութներում:
Հիշեցնենք, որ 2010թ. Apple-ն իրացրել է ավելի քան 55 մլն երկու սերնդի iPad:









































