Կեղտոտ օդը սպանում է: Այս մասին հավաստում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետները: Համաձայն նրանց զեկույցի՝ շնչառական ուղիների հիվանդությունների հետևանքով մահացությունը կկրկնապատկվի` հասնելով 3.6 միլիոնի։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Քաղաքում օդի աղտոտվածությունից մահացություններն ավելի շատ կլինեն, քան անորակ ջրից և վատ սանիտարական պայմաններից։ Այս մասին ասվում է «Մինչ 2050 թվականը շրջապատող միջավայրի վիճակի հեռանկարները. անգործության հետևանքները» աշխատության մեջ:
Ամենից տխուր հեռանկարի առջև կանգնած են Չինաստանը և Հնդկաստանը: Ի դեպ, Հնդկաստանին արդեն իսկ ներառել են օդի աղտոտվածության ամենավատ ցուցանիշ ունեցող երկրների ցուցակում: Ինչպես նշում է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, մարդիկ պետք է հաշտվեն նաև խմելու ջրի պակասի հետ: Ջրի համաշխարհային պահանջն աճել է 55 %-ով: Արդյունքում Երկիր մոլորակի բնակչության 40 %-ը կբախվի դեֆիցիտի հետ:









































