Գերմանիայում 2012 թ. կոռուպցիայի հասցրած վնասը գնահատվում է շուրջ 250 մլրդ եվրո: Նման հաշվարկ է կատարել հայտնի տնտեսագետ, Ավստրիայի Լինց քաղաքի Իոհան Կեպլերի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Շնայդերը: Նրա հետազոտության արդյունքները հրապարակել է գերմանական Welt պարբերականը: Մինչ այս նա նմանատիպ հետազոտություն էր անցկացրել 2005 թ., որի արդյունքում գերմանական տնտեսությանը կոռուպցիայի հասցրած վնասը գնահատել էր 220 մլրդ եվրո:
Տնտեսագետի կարծիքով՝ Գերմանիայում առավել հաճախ կոռուպցիան արտահայտվում է նրանում, որ տենդերներում պատվերը ստանում է ոչ այն ըկերությունը, որն առաջարկում է առավել լավ և շահավետ պայմաններ: Դա հանգեցնում է այդ նախագծերում ներդրումների նվազմանը և բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա:
Շնայդերը խոստովանում է, որ առավել հաճախ հյուրանոցների սեփականատերերի և խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների շրջանում կոռուպցիան կապված է լինում երկրում ֆինանսական ճգնաժամի հետ: Սակայն Գերմանիայում տնտեսությունը ճգնաժամի մեջ չէ, ուստի կոռուպցիայի աճը նա բացատրում է «բարոյականության անկմամբ»:
Նրա կարծիքով՝ գերմանացիները կարող են այդ հարցը լուծել երկու տաբերակով՝ պատժի խիստ միջոցներ կիրառելով և աշխատավարձերը բարձրացնելով:
Իր հաշվարկներում Շնայդերը հիմնվում է Transparency International իրավապաշտպան կազմակերպության կազմած կոռուպցիայի ինդեքսի վրա: Այդ վարկանիշային աղյուսակում Գերմանիան զբաղեցնում է 14-րդ տեղը:









































