Արցախյան պատերազմի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ճակատագիրը», նկարահանվել է դեռևս 2005-ին, պրեմիերան եղել է 2006-ին «Մոսկվա» կինոթատրոնում: ԱՄՆ-ում 2007-ին «Մեթոդ ֆեստ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին, իսկ վաղն արդեն կցուցադրվի Հ1-ի եթերում:
Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Արցախի Քարինտակ գյուղում: Այսօր՝ ասուլիսի ընթացքում, ֆիլմի սցենարիստ Մարինե Սարգսյանն ասաց, որ գլխավոր հերոսի ընտանիքը արդեն 4 սերունդ մասնակցում է պատերազմների՝ Համաշխարհային երկրորդ, Չեխոսլովակիայի, Աֆղանստանի, իսկ չորրորդն արդեն՝ Արցախյան պատերազմին. «Մի քանի սերնդի ճակատագիր ենք ներկայացրել, ընտանիքի ճակատագիր, երկրի ճակատագիր, հայ ժողովրդի ճակատագիր: Փորձել ենք մի քանի պատերազմի միջոցով ցույց տալ պատերազմի դժվարությունները, հայ ժողովրդի խնդիրները»:
Ֆիլմի պրոդյուսերն է Հայկ Վարդանյանը, որը նաև խաղում է գլխավոր դերը: Նրա համոզմամբ՝ ֆիլմի գլխավոր նպատակը 20 տարի առաջ կատարված դեպքերը ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմացիներին ներկայացնելն է. «Ֆիլմի միջոցով այլ ազգերի ներկայացուցիչները ծանոթանում են մեր ազգի պատմությանն ու իրականությանը: Հատկապես կարևոր էր այն փաստը, որ մենք հաղթեցինք «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: Օտարերկրացին չէր ճանաչում հայերին, սակայն ֆիլմի միջոցով տեսավ, գնահատեց: Անգամ դիտումների ժամանակ մի հանդիսատեսի շտապ օգնության մեքենայով տարել են, մարդիկ արտասվում էին ֆիլմը դիտելիս»:
Ֆիլմի ռեժիսորն է Վահե Խաչատրյանը: Նա էլ, խոսելով ֆիլմի մասին, հավելեց, որ Քարինտակում նկարահանումների ժամանակ ժողովուրդն ինքը մասնակցում էր, ուղղություն տալիս, անգամ ստիպված են եղել ընդհատել նկարահանումները, որովհետև մարդիկ նորից ապրել են պատերազմի սթրեսը կռվի հատվածները նկարելու ժամանակ. «Մի տեսարան կար, սպիտակ սավաններով ծածկված էին դերասանները, իբր դիակներ են: Այդ ժամանակ մի քանի կանանց լաց լսեցինք, սակայն հպարտություն և ուրախություն կար: Նրանք հպարտ էին, որ իրենք հավերժանում են, իրենց գործը գնահատող կա»:











































