Ատլանտյան ընկերակցության կայքին տված հարցազրույցի ժամանակ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«ՆԱՏՕ-ն պլաններ և մտադրություն չունի ներառվել Ղարաբաղյան հակամարտության մեջ և անգամ չի մասնակցում բանակցային գործընթացին, որը ներկայիս դրությամբ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Ես կարծում եմ, որ դաշնակիցների միջև գոյություն ունի անհանգստություն՝ կապված Մինսկյան գործընթացի ընթացքի հետ:
Վերջին մի քանի շաբաթներին մենք այստեղ՝ ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում, երկու նախագահներից (Հայաստանի ու Ադրբեջանի) լսել ենք, որ նրանք հավատարիմ են բանակցային գոծընթացին, հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն իրականությունն այն է, որ Մինսկի խումբն ունի մի շարք դժվարություններ և հատկապես՝ վերջին ժամանակներս: Անհանգստացնում է երկու երկրների ռազմաշունչ հռետորիկան և նրանց կողմից մեծ քանակությամբ զենք գնելը:
Ղարաբաղյան հակամարտության գոտին այնպիսի տարածաշրջան է, որը հնարավոր է՝ չի արժանանում միջազգային ԶԼՄ-ների կողմից այնպիսի ուշադրության, ինչպիսին որ նա արժանի է: Այս տարածաշրջանն ունի վճռորոշ ռազմավարական նշանակություն իր դիրքի, պոտենցիալի, էներգետիկ տարանցման և էներգամատակարարման տեսանկյունից:
Դրա համար էլ բազմաթիվ պատճառներով կարևոր է, որ այդ հակամարտությունը շուտափույթ կարգավորվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ: ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ ճգնաժամին՝ բացառությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբին և խաղաղ կարգավորմանն աջակցելուց»:









































