Հինգշաբթի՝ մարտի 15-ին, Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքին մերձակա Կամենկա ամառանոցային ավանում շների խումբը հարձակվել է մի աղջկա վրա և հոշոտել, ինչի հետևանքով բազմաթիվ վնասվածքներ ստացած աղջիկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է,- հաղորդում է Ղրիմում Ուկրաինայի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Ըստ գործակալության՝ 25-ամյա աղջիկը տնից դուրս էր եկել գիշերը: Ավելի ուշ գյուղի բնակիչները ոստիկանության աշխատակիցներին պատմել են, որ առավոտյան ժամը 5-ին փողոցից լսել են աղջկա աղաղակներ և շների հաչոցներ, սակայն ուշադրություն չեն դարձրել դրան:
Պարզվել է, որ վերջինը աղջկան տեսել են երկու երիտասարդ տղաներ, ովքեր աղջկա հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո, նրան թողել էին ավտոբուսի կանգառում:
Ղրիմի իրավապահ մարմինները այդ երկու տղաների հանդեպ դատական գործ են հարուցել՝ «Վտանգի մեջ թողնելու» հոդվածով,- տեղեկացնում է РИА Новости-ն:
Եթե տղաները մեղավոր ճանաչվեն, ապա նրանց սպառնում է 3-ից 8 տարի ազատազրկում:
Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը Ղրիմում դիմել է կոմունալ ծառայություններին՝ պահանջելով լուծել Սիմֆերոպոլի փողոցներում թափառող շների խնդիրը:





































