Հյուսիսային Կորեան այսօր հայտնել է, որ Կիմ Իր Սենի ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ ի նշան նրա նկատմամբ ունեցած հարգանքի, մտադիր է արբանյակային հրթիռ արձակել:
Associated Press-ի փոխանցմամբ՝ արբանյակային հրթիռի արձակումը տեղի կունենա ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում՝ հյուսիսային Փխենյանում գտնվող կայանից: Այդ մասին պետական լրատվամիջոցին տեղեկացրել է Տիեզերական տեխնոլոգիաների կորեական կոմիտեի խոսնակը;
Հրթիռի արձակումը տեղի կունենա ուղիղ երեք տարի անց այն բանից հետո, երբ 2009 թվականին արբանյակային հրթիռի արձակումը արժանացել էր ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և այլ երկրների կողմից քննադատության և դիտվել որպես Հյուսիսային Կորեայի հրթիռային տեխնոլոգիայի գաղտնի փորձարկում:
Քայլը նաև համարվեց ՄԱԿ-ի բանաձևի խախտում, որով Հյուսիսային Կորեային արգելվում էր ներգրավվել հրթիռային գործողություններում:
Հյուսիսային Կորեան 2009 թվականին հրթիռի արձակումը անվանեց արբանյակային տեխնոլոգիայի փորձարկում:











































