Այսօր Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Շիրակ»-ի նախագահ Արման Սահակյանը ներկայացրեց թիմում հանդես եկող նոր խաղացողներին, նրանց հետ կնքեց պայմանագրեր և հանձնեց մարզաշապիկները: Ասուլիսին պաշտոնապես ներկայացվեցին դարպասապահ Արթուր Հարությունյանը, հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիոպ Դամեն և հարձակվող Ֆուֆանա Բեկոն: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արթուր Հարությունյանը «Շիրակ»-ի հետ կնքեց 1.5 տարվա պայմանագիր: Ա. Հարությունյանը «Շիրակ» է տեղափոխվել «Միկա»-ից, իսկ սենեգալցի Դիոպ Դամեն «Շիրակ»-ում հանդես կգա վարձավճարով: Նրա տրանսֆերը պատկանում է Ռուսաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Խիմկի» թիմին: Դիոպի պայմանագիրը նախատեսված է 6 ամսով: Ֆուֆանա Բեկոն «Շիրակ» է տեղափոխվել «Ասեք» թիմից: «Շիրակ»-ը 1.5 տարվա պայմանագիր կկնքի նաև իվուարցի պաշտպան Դիդյե Բորիսի հետ:
«Շիրակ»-ի նախագահ Արման Սահակյանն իր խոսքում նշեց.
«Այս տարի, ինչպես և նախորդ մրցաշրջանում, մեր առջև մեծ խնդիր կա՝ նվաճել գավաթը: Հուսով եմ, որ նոր համալրումներով մենք կկարողանանք նախևառաջ կիսաեզրափակիչ երկու հանդիպումների արդյունքում հաղթել «Միկա»-ին, իսկ արդեն եզրափակիչում սեփական հարկի տակ հինգերորդ փորձից, վերջապես, նվաճել բաղձալի գավաթը:
Բացի այսօր ներկայացված խաղացողներից, մենք երկու օրվա ընթացքում պայմանագիր կկնքենք իվուարցի պաշտպան Դիդյե Բորիսի հետ, իսկ պաշտպան Հովհաննես Գրիգորյանը այսօր վատառողջ էր, այդ պատճառով չկարողացավ ներկա գտնվել: Ինչպես նաև մեզ են միացել «Շիրակ-2»-ի երիտասարդ խաղացողները, և համոզված եմ, որ այսպիսի թիմով մենք կկարողանանք նվաճել գավաթը, իսկ հետո արդեն բարձր հորիզոնականներ զբաղեցնել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:
Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ մենք որոշեցինք մարզաշապիկների վրա ազգանունները գրել հայերեն: Փոխվել է նաև թիմի հովանավորը. այժմ «Շիրակ»-ի գլախավոր հովանավորն է «Սովրանո» ընկերությունը»:
Մարտի 17-ին Վարդան Բիչախչյանը կներկայացնի «Շիրակ»-ի վերջնական կազմը:








































